Jump to content

Էջ:Դոն Կիխոտ.djvu/93

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԳԼՈՒԽ XXII
ՈՐ ՊԱՏՄՈՒՄ Է ՆՈՒՅՆ ԼԵՌՆԵՐՈՒՄ
ՔԱՀԱՆԱՅԻ ԵՎ ՍԱՓՐԻՉԻ ԳԼԽԻՆ ԵԿԱԾ
ՆՈՐ ՈՒ ՀԱՃԵԼԻ ԱՆՑՔԻ ՄԱՍԻՆ

— Տե՜ր աստված։ Մի՞թե այս լեռներում ես վերջապես գտա գաղտնի դամբարանը իմ մարմնի, որ ակամա քարշ եմ տալիս իբրև բեռ։ Այո, գտա, եթե այս կիրճերի ամայությունն ինձ չի խաբում։ Ի՞նչ դժբախտ կին եմ եղել ես։

Քահանան ու նրա ուղեկիցները այս ձայնն առան և այս խոսքերը լսեցին, և նրանց թվաց, թե դա բոլորովին մոտիկ տեղից է գալիս (իրոք այդպես էլ էր)։ Ուստի նրանք գնացին որոնելու խոսողին և քսան քայլ չանցած, հանկարծ, դուրս ցցված ժայռի հետևում, բարձրաբուն հացենու տակ նրանք գեղջկական հագուստով մի երիտասարդ տեսան։

Երիտասարդը գլխարկը հանեց և գլուխը թափ տվեց։ Իսկույն արձակվեցին և մինչև ուսերը թափվեցին նրա մազերը, որոնց կարող էին նախանձել արևի ճառագայթները։ Այստեղ մեր բարեկամները գլխի ընկան, որ կարծեցյալ շինականը կին է։

Աղմուկի ձայն առնելով, ծպտված աղջիկը գլուխը բարձրացրեց և աչքերը ծածկող մազերը երկու ձեռքով ետ գցելով, եկվորների կողմը նայեց։ Ապա, խոր հոգոց հանելով, խզեց լռությունը.

— Քանի որ այս լեռների ամայությունն էլ չկարողացավ թաքցնել ինձ, իսկ իմ բաց ու արձակ մազերը թույլ չեն տալիս, որ լեզուս ստի, ապա զուր կլիներ, որ ես ուրիշ մարդ ձևանայի։ Միայն թե ես երկյուղ եմ կրում, որ իմ տառապանքների պատմությունը ձեր մեջ կհարուցի ոչ միայն կարեկցություն, այլև հուսահատություն, որովհետև դուք ոչ դեղ կգտնեք դրանք բուժելու, ոչ խորհուրդ՝ թեթևացնելու համար։

Չքնաղ աղջիկը այնպիսի սահուն ոճ ուներ և այնքան քնքուշ ձայն, որ նրա խելքը պակաս չէր հիացնում, քան գեղեցկությունը։ Նրանք նորից սկսեցին առաջարկել իրենց ծառայությունը և թախանձել, որ նա իր խոստումը կատարի։ Աղջիկը մեծագույն համեստությամբ կոշիկները հագավ և մազերը կարգաբերեց, ապա նստեց նրանց միջև՝ ժայռի փոս տեղում և դժվարությամբ զսպելով արցունքը, հանդարտ ու պայծառ ձայնով այսպես սկսեց իր կյանքի պատմությունը.

— Մեր Անդալուզիայում կա մի քաղաք, որի անունով կոչվում է իր դուքսը, Իսպանիայի մեծամեծներից մեկը։ Իմ ծնողները այդ դուքսի ծառաներն են։ Նրանի՞ց էր արդյոք, որ ծնողներս ուրիշ ժառանգ չունեին, թե նրանից, որ ինձ սաստիկ սիրում էին, սակայն երբեք, կարծեմ, ծնողներն իրենց զավակներին այնպես երես տված չեն եղել, ինչպես նրանք՝ ինձ։ Օրերս անընդհատ աշխատանքի և մենության մեջ էին անցնում։ Ես հավատացած էի, որ բացի տան ծառաներից, ինձ ոչ ոք չի կարող տեսնել։ Այնինչ դուքսի կրտսեր որդի դոն Ֆերնանդոն նկատել էր ինձ։

Նա ինձ տեսավ թե չէ, համակվեց սաստիկ սիրով։ Նա կաշառել էր տան