Էջ:Դոն Կիխոտ.djvu/95

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անմխիթարս, մխիթարվում էի, հնարելով հեռավոր, սակայն թույլ հույս։ Դո Ֆերնանդոյին չէի գտնում և ապրում էի քաղաքում, առանց իմանալու, թե ինչ ձեռնարկեմ։ Մեկ էլ հանկարծ լսեցի մունետիկների ձայնը, որոնք հայտարարում էին պարգև նրան, ով գտնի ինձ և հաղորդում էին իմ նշանները, հասակս ու հանդերձս։ Լուր էր պտտում, թե ինձ փախցրել է ծառան, որ հետս հեռացել էր տնից։ Մունետիկի խոսքը լսեցի թե չէ, հեռացա քաղաքից ծառայիս հետ և այդ միջոցին նկատեցի, որ հավատարմությունն ու անձնվիրությունը, որոնցով նա երդվում էր ինձ, տատանվում են նրա մեջ։ Գիշերով մենք հասանք այս լեռների խորքերը, զգուշանալով, որ մեզ չգտնեն։

Չգիտեմ, արդյոք քանի ամիս անցկացրի լեռներում։ Այստեղ ես հանդիպեցի մի հովվի, որ ապրում է ամենաամայի կիրճերից մեկում։ Նա ինձ իր մոտ աշխատանքի առավ, և ամբողջ այս ժամանակամիջոցում ես ծառայում էի որպես հովվի օգնական, աշխատելով ամբողջ ցերեկը բաց երկնքի տակ անցկացնել, որպեսզի կարողանամ ծածկել մազերս, որ հիմա այնպես անսպասելի մատնեցին ինձ։ Սակայն իմ ողջ աշխատանքը և ուժերիս լարումը ապարդյուն անցան, որովհետև վերջ ի վերջո տերս իմացավ, որ ես տղամարդ չեմ և նրա սրտում ծագեցին նույն վատ մտքերը, ինչ որ իմ ծառայի մեջ։ Ուստի ես փախա և թաքնվեցի այս ժայռի մեջ, որտեղ դուք ինձ գտաք։

Դորոթեան (այսպես էր աղջկա անունը) իսկույն իր կապոցից հանեց նուրբ ու թանկագին կտորից կարած զգեստ և կանաչագույն կերպասից գեղեցիկ վերնարկ, իսկ տուփից՝ մանյակ և այլ թանկագին իրեր և վայրկենապես զուգվեց, որպես հարուստ և ազնվազարմ տիկին։ Բոլորը հավանեցին նրա նրբությունն ու գրավչությունը։ Առանձնապես հիացած էր Սանչո Պանսան որովհետև իր օրում այդպիսի չքնաղ արարած չէր տեսել։

— Այս չքնաղ տիկինը, Սանչո եղբայր,— ասաց քահանան,— ոչ այլ ոք է քան եթե իշխանուհի, Միկոմիկոն մեծ թագավորության ժառանգը, որ որոնում է ձեր տիրոջը, նրանից շնորհ խնդրելու համար։ Նա պիտի խնդրի պաշտպանել իրեն չար հսկայից, որ իրեն վիրավորանք է հասցրել։

Սանչոն նույնչափ բավարարված էր, որքան քահանան հիացած նրա պարզամտությունից։