Էջ:Դոն Կիխոտ.djvu/96

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


Մինչ այս, մինչ այն, Դորոթեան նստեց քահանայի ջորու վրա, սափրիչը ծնոտին կպցրեց եզան պոչից շինած մորուքը, և նրանք խնդրեցին, որ Սանչոն իրենց առաջնորդի դոն Կիխոտի մոտ, նախազգուշացնելով, որ տիրոջը չասի, թե լիցենցիատին ու սափրիչին ճանաչել է։

Երբ որ նրանք հասան դոն Կիխոտին, զինակիրը վայր թռավ ջորուց և մոտեցավ Դորոթեային, որպեսզի ձեռքերով բռնի նրան և իջեցնի ցած։

Բայց աղջիկը վայր թռավ և իսկույն ծունկի իջավ դոն Կիխոտի առջև։

Թեև ասպետը փորձում էր նրան բարձրացնել, բայց նա, առանց վեր կենալու, սկսեց այսպես խոսել․

— Ես վեր չեմ կենա, օ՜, քաջ ու հզոր ասպետ, մինչև որ ձերդ բարությունն ու սիրալիրությունը չերջանկացնի ինձ շնորհով, որը ձեր անձին փառք ու պատիվ կբերի, իսկ ինձ, աշխարհիս ամենաանմխիթար ու անարգված կույսին՝ մեծ օգուտ։

Այդ միջոցին մոտեցավ Սանչո Պանսան և դոն Կիխոտի ականջին շշնջաց.

— Ձերդ ողորմածությունը հանգիստ կարող է այդ շնորհը խոստանալ, որովհետև նրա խնդրածը մի չնչին բան է, պետք է սպանել ինչ-որ հսկայի և պրծավ գնաց։ Ախր խնդրողը ազնիվ իշխանուհի Միկոմիկոնն է, և Միկոմիկոնի մեծ թագավորության թագուհին։

— Ով որ լինում է լինի,— պատասխանեց դոն Կիխոտը,— ես կանեմ այն, ինչ որ հրամայում է պարտականությունս և թելադրում խիղճս, համաձայն իմ ասպետական ուխտի օրենքներին։

Սանչոն վերցրեց ծառի վրա ավարի պես կախ արած զրահները և ձիու փորկապներն ամրացնելով, վայրկենապես սպառազինեց իր տիրոջը։ Վերջինս, զինվեց թե չէ, արտասանեց.

— Գնանք, պաշտպանենք այս ազնվազարմ տիկնոջը։

Սափրիչը դեռ մնացել էր չոքած, ամեն կերպ աշխատելով զսպել ծիծաղը և ձեռքով պահելով մորուքը, որովհետև եթե մորուքը վայր ընկներ, հնարավոր է, որ նրանց բոլոր ծրագրերը խորտակվեին։

Մեր ասպետը թռավ Ռոսինանտի վրա, իսկ սափրիչը հեծավ իր ջորին։

Մենակ Սանչոն մնաց առանց գրաստի և դարձյալ մտաբերեց իր էշի կորուստը։

ԳԼՈՒԽ XXIII
ՈՐ ՊԱՏՄՈՒՄ Է ԴՈՐՈԹԵԱՅԻ ՍՐԱՄՏՈՒԹՅԱՆ
ԵՎ ԱՅԼ ՉԱՓԱԶԱՆՑ ՀԱՃԵԼԻ ՈՒ ԶՎԱՐՃԱԼԻ
ԲԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Երբ որ դոն Կիխոտն ու նրա ուղեկիցները դուրս եկան կիրճերից և առաջ ընթացան հարթավայրով, քահանան հեռվից տեսավ նրանց և սկսեց նշաններով ցույց տալ, թե ճանաչում է նրանց, ապա գրկաբաց ընդառաջ վազեց գոչելով.