Jump to content

Էջ:Դոն Կիխոտ.djvu/98

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վիրավորվածները և շղթայվածները, որոնց նրանք հանդիպում են բանուկ ճամփաներում։ Նրանց վայել է լոկ օգնել տկարներին, ուշ դարձնելով նրանց տառապանքների և ոչ թե ոճիրների վրա։ Ես դեմ առա տանջված ու դժբախտ մարդկանց, շարված շղթայի վրա, ինչպես տեր ողորմյա կամ ուլունքը՝ մանյակի վրա և վարվեցի այնպես, ինչպես պատվիրում է իմ դավանանքը, իսկ մնացածը՝ թող դատեն երկնքում։ Ում աչքին դա վատ բան է երևում, նա տառ անգամ չի հասկանում ասպետականությունից և ստում է, ինչպես բռի գյուղացի կամ սրիկա։

Հնարագետ և սրամիտ Դորոթեան, իմացած լինելով, որ դոն Կիխոտի խելքը վնասված է և որ, բացի Սանչո Պանսայից, ամենքը նրան ծաղրում են, չկամեցավ ուրիշներից ետ մնալ և ասաց վիրավորված ասպետին․

— Պարոն ասպետ, մտաբերեցեք այն շնորհը, որ դուք ինձ խոստացաք և այն, որ դուք ուրիշ արկածների մեջ չեք ընկնի, որքան էլ նրանք անհետաձգելի լինեն։ Մեղմեցեք, ուրեմն ձեր ցասումը։

— Ես կլռեմ, տիրուհիդ իմ,— պատասխանեց դոն Կիխոտը,— և կզսպեմ արդարացի զայրույթը, որ եռ է գալիս իմ կրծքում։ Այսուհետև ես կլինեմ հանգիստ ու խաղաղասեր, մինչև որ իմ խոստումը կատարեմ։ Սակայն ի տրիտուր իմ բարի մտադրությունների, խնդրում եմ ինձ ասեք, եթե դա ծանր չի ձեզ համար, ի՞նչն է ձեր վիշտը, քանի՞ հոգի են նրանք, ի՞նչ մարդիկ են և ի՞նչ դասից, որոնց վրա պիտի պայթի իմ արդարացի, օրինավոր և արժանավոր վրեժը։

— Սիրով կպատասխանեմ, եթե միայն ձեզ ձանձրույթ չի պատճառի իմ դժբախտությունների և աղետների պատմությանը։

— Խոսիր, տիրուհի։

— Որ այդպես է, ականջ դրեք, պարոննե՛ր։ Իմ հոր, թագավորի անունը՝