— Բարի՜ հանդիպում, ո՜վ ասպետության տիպար, բարի հայրենակիցդ իմ, դոն Կիխոտ Մանչացի, ազնվության ծաղիկ և սեր, զրկվածների պատվար ու օթևան, ուղնուծուծը թափառական ասպետության։
Այս խոսքերով նա սեղմեց կրծքին դոն Կիխոտի ձախ ոտքը։ Սա էլ զարմացած նրա խոսքերից ու վարմունքից, սկսեց նայել նրան զննող հայացքով և, վերջապես, ճանաչելով, սաստիկ շփոթված այդ անակնկալ հանդիպումից, ուժ գործադրեց, որ ձիուց իջնի, բայց քահանան նրան ետ պահեց։ Ապա քահանան ասաց.
— Ձերդ ողորմածությունը մեզ ո՞ւր կհաճի տանել։ Երևի Միկոմիկոն թագավորությո՞ւնը։
Դորոթեան գլխի ընկավ, որ պետք է դրական պատասխան տա, ուստի ասաց.
— Այո, տեր իմ, իմ ճանապարհը դեպի այդ թագավորությունն է։
— Որ այդպես է,— շարունակեց քահանան,— ապա պիտի մեր գյուղից անցնենք, իսկ այնտեղից ձերդ ողորմածությունը կերթա Կարտախենա, որտեղ բարենպաստ պարագաներում և հաջող քամի լինելու դեպքում դուք կարող կլինեք նավ նստել։ Եվ եթե ծովում փոթորիկ չլինի, դուք ինը տարվա ընթացքում կհասնեք Մեոնեական, թե Մեոտիական մեծ լիճը, իսկ այնտեղից հազիվ հարյուր օրից քիչ ավելի ճամփա լինի մինչև ձեր թագավորությունը։
— Դրա ժամանակը դեռ գալու է,— ընդհատեց դոն Կիխոտը,— իսկ հիմա պատմեցեք ինձ, պարոն լիցենցիատ, ինչպե՞ս է եղել, որ այս վայրերն եք ընկել, այն էլ մեն-մենակ, թեթև և առանց ծառաների։
— Կպատասխանեմ ձեզ կարճառոտ,— պատասխանեց քահանան։— Տեր իմ, դոն Կիխոտ, թող հայտնի լինի ձերդ ողորմածության, որ ես, իմ բարեկամ սափրիչի՝ վարպետ Նիկոլասի հետ, ուղևորվում եմ Սևիլիա որոշ գումար ստանալու նպատակով, որ ուղարկել է ինձ տարիներ առաջ Հնդկաստան գաղթած իմ ազգականներից մեկը։ Երբ որ երեկ մենք անցնում էինք այս կողմերով, մեզ վրա հարձակվեցին չորս ավազակներ և ամեն ինչ մեզանից խլեցին, անգամ մորուքներս, այնպես որ սափրիչը հարկադրված էր արհեստականը կպցնել։ Սակայն ամենազարմանալին այն է, որ շրջակա բնակիչների ասելով, մեր կողոպտիչները ոչ այլ ոք են եղել, քան տաժանակիր աշխատանքի դատապարտվածներ, որ ազատ են թողնվել այստեղից ոչ հեռու։ Եվ ասում են, թե այդ արել է ինչ-որ քաջ մարդ, հակառակ կոմիսարի և պահակների դիմադրության։ Անշուշտ, դա կամ մի խելագար է եղել կամ այն անպիտանների նման մեկը, կամ թե չէ անհոգի և անխիղճ մի մարդ։ Չէ՞ որ նա բաց է թողել գայլերին՝ գառների, աղվեսներին՝ հավերի, կամ թե չէ ճանճերին՝ մեղրի վրա։
Հազիվ էր քահանան ավարտել իր խոսքը, որ Սանչոն բացականչեց.
— Ազնիվ խոսք, պարոն լիցենցիատ, այդ քաջագործությունը իմ տերն է կատարել։ Այն պահին էլ ես ասում ու մատնանշում էի, որ նա խորհի, թե ինչ է անում և որ նրանց ազատելը մեղք է, չէ՞ որ նրանց մեծամեծ ոճիրների համար են թիապարտության ուղարկում։
— Տխմար,— վրա բերեց դոն Կիխոտը,— թափառական ասպետներին պարտ ու պատշաճ չէ ստուգելը՝ մեղավո՞ր են, թե անմեղ այն ճնշվածները,