Jump to content

Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/106

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հարուստը շատ բարեկամներ կունենա, զի ամեն մարդ բարեկամությանը կը փափագի, անոր հաճելի կը ջանա ըլլալ բաղձանացը կատարման ծառայելով, զինքը շողոքորթելով, և փայլուն ապագա մարգարեանալով իրեն։ Հացկատակներն անոր կը փակչին, կը հարձակին ամեն կողմե, քսակին տեր կըլլան, առատապես ոսկիները կը քաղեն, ամեն օր նոր հաճույք կստեղծեն, նոր շռայլության դուռ կը բանան, մինչև որ վերջին փողն սպառի, հետո կռնակ կը դարձնեն նոր որս փնտրելով։ Օրերն և գիշերներն կը հաջորդեին և նույնպես վայելք կենաց․ անդիմադրելի վտանգի ենթարկված էր հարստությունս, զի ոչինչ կրնա դիմանալ անսահման շռայլության։ Բայց երջանիկ կամ աղետալի դեպք մի կայնեցուց զիս խորխորատին եզերաց վրա, քսակս ազատեց, բայց սիրտս կորսնցուց։

Օր մի մինչ կը շրջագայեի, սքանչելի գեղեցկությամբ աղջկան մի հանդիպեցա. կարծես թե Ռափայելի խարտյաշ երևույթներեն մին էր որ մարմնավորած էր հրային սիրո ազդեցությամբ․ ձևերն ազնվական էին և միանգամայն պարկեշտ։ Յուր ետևեն գացի և տեղեկացա որ հայրն համեստ և պատվավոր վաճառական մ'էր։ Այդ հրաշալի տեսիլն սրտիս մեջ դրոշմվեցավ, զայն կը փնտրեի անընդհատ և ամեն տեղ ետևեն կերթայի։ Նշմարեց զիս, և ցնծությամբ համակվեցա երբ դիտեցի թե չէր խույս տար ինձմե ամենևին։

Գիշեր մի թատրոնը դիմացս էր նստած, կը նայեի անոր հիացմամբ, երաժշտությունը սիրագրավ սիրտս կը հիմարացներ։ Երբ դերասանն երգեց հետևյալ խոսքերը՝ «Բերանս ոչ ևս կարող է լռել սրտիս գաղտնիքը․ կը սիրեմ զքեզ», ցնորածի նման տեղես ցատկեցի անոր նայելով․ տեսա որ աչքերը խոնարհեցուց այլայլությամբ և տխրությունը պատեց զինքը։ Վերջապես օրվան մեկը միջոց գտա անոր խոսելու և հայտնելու այն հուրը որ զիս կը լափեր, և իրեն սիրույն փոխադարձ հայտնությունը լսելու։ Ուզեցի անմիջապես հորը դիմել մեր ամուսնության արտոնությունն ստանալու համար․ բայց սոսկալով իմացուց թե ինքը սահմանված Էր հարսն ըլլալու մարդու մ'որ զինքը կը պաշտեր, իբր փոխանակություն

84