Jump to content

Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/189

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՀԱՌԱՋԱԲԱՆ

Սիրանույշ անուն փոքրիկ վեպս՝ ի լույս ընծայելով նպատակ ընտրած եմ դարձյալ ուսումնասիրել և դատապարտել ընկերական անիրավությանց մեկ քանիներն որք զկին կը ճնշեն ամուսնական պայմանաց ներքև։

Ամուսնությամբ ընտանիքը կը կազմվի, ընտանյոք՝ ընկերությունը։ Որչափ ամուսնություններն երջանիկ ըլլան՝ նույնչափ զավակները բարեկիրթ կը հանդիսանան, և նույն համեմատությամբ ընկերությունն ընտիր անդամոք կը ճոխանա։ Ամուսնությունն ընկերության հիմն է ուրեմն, և ամոլից մեջ միաբանությունն ընկերային բարեկարգությունը կը ձևացնե, ինչպես և բարոյականությունը սիրո հիմն կը հաստատե։ Ուր որ սեր չկա՝ պարտականության գաղափարը կա պարզապես, և միայն այդ գաղափարը ամուսնական հարկին ներքև կը ներկայե մարմին մի առանց հոգվո՝ այսինքն կենաց կմախքը։

Դժբախտաբար այսօր ամուսնություններն առավել փառասիրության և վաճռականության խնդիր դարձած են քան թե մտերմական հոդերու նույն ժամանակեն ի վեր որ հրաժեշտ տվինք այն վսեմ դրության, երբ մեն մի մարդ հավատարիմ ընկերուհի մի կորոներ հանդորր յուր կենաց։

Բայց ի՞նչ կը հետևի այս շահախնդիր և առևտրական գործողություններե։ Կը հետևի որ ամոլք օր ըստ օրե երևան կը հանեն իրենց անհաշտ բնավորությունները՝ զորս կամ բաղձանք և կամ ժամանակ չէին ունեցած փոխադարձապես ուսումնասիրելու, և կամ քողարկած էին թաքուն դիտավորությամբ։