Jump to content

Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/20

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պատկեր կենաց․ մերձ այնչափ խնդության ու խրախճանաց այնչափ սուգ և հուսահատություն»։ Տյուսաբը ներկայացնում է, ահա, Պոլսի անշուք թաղամասերից մեկում ապաստանող մի ընտանիք՝ անդամալույծ հայրը, զրկանքների հանդեպ տրտնջացող, սակայն այն կանխելու համար անզոր մայր և միակ դուստրը՝ Արաքսիան։ Այստեղ էլ հեղինակն առաջադրում է իր թեզը. Վարսամյանների ընտանիքը մատնված է ծայրահեղ չքավորության, նրանք չունեն աշխատող տղամարդ, նրանց միակ հույսը Արաքսիան է, ինչու՞ նա չպետք է ունենար աշխատելու իրավունք, որով կարողանար հայթայթել թշվառ ընտանիքի հոգսերը․ չէ՞ որ նա տվյալներ ուներ դրա համար, հմուտ էր մաթեմատիկայի ու տոմարագիտության մեջ, գիտակ էր լեզուների, ուներ փիլիսոփայական ե սոցիոլոգիական հիմնավոր գիտելիքներ և կարող էր պիտանի լինել հասարակությանը։ Բայց վերջինիս սահմանած օրենքներով կինը զրկված է աշխատանքի իրավունքից, իսկ նախապաշարմունքն այն վավերացրել էր անպատվության նախատինքով։ Արաքսիան կարող էր հաղթահարել նախապաշարմունքը, անտեսել ծնողների արգելքը, բայց ու՞ր էր նրա աշխատանքի հեռանկարը, չէ՞ որ կնոջ համար բացառվում էին գործելու ասպարեզները։ Այլ ելք չգտնելով, Արաքսիան ստանձնում է մեծահարուստ Աբգարյանների դուստրերի կրթության ու դաստիարակության գործը։ Շուտով կյանքն ստեղծում է իր պատմությունը, Արաքսիան և ազնվականի ավագ որդին՝ Ներսեսը կապվում են սիրո զզացումով և հերոսուհին, կարծեք, գոհ էր հանգամանքների հաջող բերումից։

Սակայն դեպքերն այսպես հաշտ ու խաղաղ չպետք է ընթանային և Արաքսիան պետք է կրեր հասարակական հետամնաց բարքերի դառնությունը։ Այս անգամ նրա գլխավոր հակառակորդը արհամարհող, փառասեր, հեշտամոլ տիկին Աբգարյանն է։ Չարակամությամբ լցվելով ազատամիտ Արաքսիայի հանդեպ, մանավանդ երբ վերջինս խանգարում է նրա սիրարկածներին, տիկին Աբգարյանը դիմում է բոլոր ստոր միջոցներին նրան անվանարկելու համար։ Արատավորելով Արաքսիայի անունը, նրան որակելով անբարոյական և վտարելով իր ապարանքից, տիկին Աբգարյանը հասնում է Ներսեսի և Արաքսիայի կապերի խզմանը, որից հետո հուսախաբ աղջկան մնում էր միայն վերադառնալ հայրական տունը և ողբալ իր ամբաստանված անունն ու խորտակված սերը։

Ինչպես տեսնում ենք, Արաքսիայի ճակատագիրը կարծեք նույնանման է նախորդ վեպերի հերոսուհիների կյանքի պատմությանը, սակայն Տյուսաբը այս անգամ բոլորովին այլ լուծում է տալիս դեպքերի ընթացքին։ Հակառակ նախորդ վեպերի ողբերգական ֆինալին, հերոսների դժբախտ ճակատագրին, հեղինակն այստեղ ներկայացրել է մի հովվերգական պատկեր։

Բացահայտվում են խարդավանքները, երևան է գալիս ճշմարտությունը, տիկին Աբգարյանը դառնում է մեղապարտ, իսկ Ներսեսը նորից գտնում է իր հրեշտակային Արաքսիային և նրանք ամուսնանում են։ Չարը խափանվում է, բարին հաղթում և իրականանում են մարդկանց իղձերն ու երազանքները։

XIV