Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/207

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


լռության դատապարտած էր մինչև նույն օրը, քանի որ չգիտեր ստուգիվ Հրանտին տրամադրությունները յուր նկատմամբ, այլ միայն թվեր իրեն թե երիտասարդը չէր անտարբեր յուր շնորհաց։ Բայց հոգին երբ շատ լի է, պետքը կզգա ավելորդ մասը ուրիշ սրտի մեջ լեցնելու։ Խոսեցավ ուրեմն երիտասարդուհին, հայտնեց Սիրանույշին այն բուռն սերը որ լիովին գրաված էր յուր էությունը, ու անոր գոգն իյնալով լացավ դառնագին, կարծես թե ցավոց հուրն արտասվաց զովությամբը կը հովհարի։ Երկու գեղանիները իրենց աչաց ցողերը իրարու խառնեցին, միատեղ հառաչեցին, իրենց սրտին բաբախումները իրարու միացուցին։ Զարուհին կուլար Հրանտին համար. իսկ Սիրանույշը ի վշտակցություն յուր մտերմույն միայն կուլա՞ր արդյոք:

Արտասովոր այլայլությամբ Սիրանույշ մոտեցավ Երվանդին, որ սենեկի մի մեջ առանձին՝ ոտքի վրա կեցած, ծովուն կը նայեր այնպես խորասույզ յուր մտածությանց մեջ որ օրիորդին ներկայությունը չզգաց անգամ։ Այլ երբ Սիրանույշ հուզյալ ձայնիվ անոր անուն տվավ, Երվանդը սթափեցավ իրր թե երազի մ՚ ազդեցութենեն մերկանալով։ Զարուհվույն սիրային վշտերն անհուն պերճախոսությամբ նկարագրած ժամանակը չէր զգար թե յուր սրտին տագնապացն իսկ պատկերը կը հանդիսացներ։ Երվանդ անդիմադրելի հափշտակութենե գրավվելով մոռցավ ինքզինքը, և սիրատոչոր աչոք անոր նայելով «Արդյո՞ք, Սիրանույշդ իմ, ըսավ, ես նվազ կը սիրեմ և նվազ կը տառապիմ քան զքույրս». մինչդեռ աղերսագին ու բազկատարած աղջկան պատասխանին կսպասեր։ «Փոխանակ մեկ անձի՝ երեք են ուրեմն հալ և մաշ եղողներն» պատասխանեց գեղանին։

Սիրո կայծն որ Հրանտի աչերեն արտադրված էր, հրդեհներ վառած էր յուր շոuրջը։ «Ո՛հ, Սիրանույշդ իմ, հաջողեցավ ըսելու Երվանդ՝ հետ կարճատև լռութենե որ հետևանք էր յուր անհուն հուզման. Սիրանո՛ւյշդ իմ, խոստովանեցա քեզ այն գաղտնիքն որ կարծես թե զիս խեղդամահ կըներ։ Քա՜նիցս արդյոք անհամբեր սիրտս ուզեց գոչել քեզ, Սիրանույշ, կը պաշտեմ զքեզ, գերիդ եմ ես, ու միայն գերիդ կրնամ ըլլալ, զի դու հարուստ ես, մինչ ես աղքատ եմ»։