արդյունքը. ի՞նչ ես դու քեզմով. ու՞ր են քու մեծագործությունքդ. ո՞ւր են տաղանդիդ ծնունդները»։ Մեն մի մարդ կուզե երկրիս վրա ի հաշիվ առնվիլ, հռչակվիլ, տիրել թե զորությամբ և թե անվամբ։ Երբ անկարող է ինքզինքովն անձնավորություն մի հանդիսանա, հայնժամ ուրիշի փառքը փոխ առնելով կը հպարտանա առանց վերահասու ըլլալու թե ուրիշի արժանյոք պանծալն յուր անձնական ոչնչությունն երևան հանել է միայն։
— Ուրեմն, Երվա՛նդ, քեզմով պիտի ըլլաս ինչ որ ըլլաս, այսինքն տաղանդիդ շնորհիվ, ու անով պիտի բարձրանաս մինչ ցգեղեցիկ և մինչ ցճշմարտություն, քանի որ գեղարվեստն լավ ու գեղեցիկն է։ Մեր սերը փոխանակ արգելք մ՚ըլլալու հանճարիդ զարգացման, ընդհակառակն զսպանակ մի թող ըլլա կարողություններդ շարժելու և զարգացնելու. ներշնչվե ուրեմն հիշատակավս և նույնչափ Հռովմա նկարչական հրաշալիքներով:
— Ո՛ւր էր թե, շնորհալի՛դ իմ կույս, Ռափայելի տաղանդն ստանայի, իբրև սուրբ Ֆոռներինա՝ ճարտար վրձինով անմահացնելու համար զքեզ։ Գիտես արդեն թե ո՛ր աստիճանի կը պաշտեմ նկարչությունը, մանավանդ քանի որ կը հուսամ անով մինչև քու բարձրությանդ հասնիլ. սակայն խոստովանի՞մ քեզ անկեղծապես, նույն իսկ գեղարվեստն իբր թշնամի կը նկատեմ այս վայրկյանիս քանի որ զիս պիտի հեռացնե քեզմե։ Բայց գոնե անգամ մի ևս խոստացիր անխախտ սիրով հավատարիմ մնալ ինձ, Սիրանո՛ւյշ։
— Եվ եթե կամենայի զքեզ պաշտելե դադրիլ, կարելի՞ էր ինձ արդյոք հաջողիլ: Երբ սերը զհոգին լիապես գրավե, ո՞վ կարող է արդյոք անոր հանգույցները ջախջախել։
— Խոսե՛, անզո՛ւյգ դու հոգի, խոսե որպեսզի հոգիս հագենա ձայնիդ ներդաշնակութենեն։ Բառ չունիմ քեզ պատասխանելու, կարծես թե միտքս կը ննջե, ու սիրտս արթուն է միայն զքեզ տեսնելու համար։
- Սակայն լուր ինձ, Երվանդ. պետք չէ որ մայրս գիտնա մեր գաղտնիքը, նամանավանդ մեր փոխադարձ հավատարմության խոստումը։ Լավ գիտես թե ինչ անձնվիրության ու գորովո գանձ է նա, և թե որչա՜փ դյուրագրգիռ է անոր հոգին։