Ավելորդ է ուրեմն այժմեն զինքը մտատանջության ենթարկել մեր ապագային նկատմամբ, մանավանդ որ շատ իսկ պիտի հուզվի Զարուհվույն տառապալից կացությունն իմանալով, զոր անհապաղ պետք է իրեն հաղորդենք։ Բայց, Երվա՛նդ, մոռցանք խեղճ քույրդ, տես սերը որչա՜փ անձնասեր է։ Ըսե՛, ի՞նչ միջոց պիտի գտնես յուր ցավն սփոփելու։
Մտահույզ էր Երվանդ. ստույգ էր որ Հրանտ յուր մտերիմն էր. սակայն ի՞նչպես կրնար քրոջը սրտին վիճակը հայտնել անոր, քանի որ կանգիտանար ունեցած տրամադրությունները։ Շփոթած կը մտածեր երիտասարդն երբ Զարուհին սենյակեն ներս հանկարծ վազելով զՍիրանույշ գրկեց և արտասվախառն ժպիտով մնչեց յուր ականջին՝ «Հրանտ կսիրե զիս»։
Երվանդ լսեց քրոջն այդ խոսքերր թեև ջանադիր եղած էր նա ցած ձայնիվ խոստովանությունն լինելու, և հանչափս գոհ եղավ:
Իսկ Սիրանույշ, ուրախության ճիչ մ՚արձակեց և զԶարուհին սրտին վրա սեղմելով ըսավ. «Քույրս սիրելի, ահա չորս սրտեր զորս սերն այսօր երջանիկ ըրավ»։
Տխրության վերջին քողը փարատած էր, քանի որ Զարուհին ևս յուր բաղձանաց կը հասներ։ Կարծես թե երկու երիտասարդուհյաց սերը կրկնապատկվեցավ նոր ազգականության սերտ հոդերու զորությամբ։
— Զարո՛ւհի, գոչեց Երվանդ, — կը փափագիմ գիտնալ թե ի՞նչպես հաջողեցար տեղեկանալու Հրանտին ունեցած զգացմանց քու նկատմամբ։
Զարուհվույն դեմքը կարմրեցավ, ու աչերը խոնարհեցնելով լուռ կը կենար։
— Արդեն սկսար մեզմե գաղտնիք ունենալ,— ըսավ Երվանդ, քրքրիչ անմեղ չարամտությամբ։
— Ես քեզմե կրնա՞մ արդյոք գաղտնիք ունենալ, եղբայրս,— պատասխանեց Զարուհին, հանդիմանող ձայնիվ։
— Խոսե ուրեմն, քո՛ւյրս, ամենայն անկեղծությամբ։
— Պարտեզը նստած էի ծառի մի ներքև ու կարտասվեի