Jump to content

Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/215

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բնակարանը դրախտավայր կը դառնա։ Երկու հոգիներ որ նույն բաղձանքն ունին, նույն պետքերը, նույն ձգտումները, նույն երազները, երբ ջանադիր են իրարու փափագներն հասկնալու և զանոնք լռին կատարելու. երբ միույն շրթանց վրա ուրվագրված ժպիտը մյուսույն շրթանց վրա կը գծագրվի. երբ միույն հառաչանքն արձագանք կը գտնա մյուսույն քովը, այդ երկու հոգիներն աշխարհիս իշխաններն են։ Ահա՛ իրենց գահը՝ բնությունը. ահա իրենց լուսավորությունը՝ երկնից ջահերը։ Ահա իրենց նվագարանները՝ թռչնոց ներդաշնակությունները։ Եվ կամ լավ ևս ըսեմ՝ սիրո շողը զիրենք կը լուսավորե, սիրո ձայնը իրենց մեղեդիքներն են, սիրո բույրն՝ իրենց խունկը, սիրո բույնն տիեզերքը։ Ամուսնական անդորրավետ և խաղաղ օրերը վճիտ լճի մը ջուրերն են ուր արևը կը շողշողա անընդհատ։

Զարուհին յուր տան ոգին էր, նա երգ էր և լույս։ Ձայնը նվագ մ՚էր երբ ամուսնույն կուղղվեր, ու նայվածքը շող մի երբ անոր աչքին մեջ կը ցոլար։

Հրանտ լիաթոք կր վայելեր յուր երջանկությունը. աշխատիլ և սիրել՝ այս էր յուր կյանքը։ Հայթայթել Զարուհվույն մշտատև հանգստություն կենաց մեջ՝ այս էր յուր երազը։

Երբ երկու հոգիներ սերտ կերպիվ իրարու հոդված են, այնչափ իրենց զգացման խորության մեջ կը թաղվին, որ ավելորդ բաները կարծես թե կարհամարհեն։ Ի՞նչ է ճոխությունն, քանի որ իրենց զգացմանց ոչինչ կավելցնե։ Խոնարհ դիրքի և կենաց միակերպության մեջ կը գտնան իրենց հաճույքը. զի մեն մի ցուցամոլ արտահայտությանց մեջ իրենց երջանկության մասունքը կը ցնդին, և հայնժամ հոգին մեղեդիք մի նվազ ունի, ժպիտ մի նվազ, հոգ մ՚ավելի, տագնապ մ՚ավելի։ Սիրո գոհունակությամբ հոգին կը սնանի, կաճի, կը ծաղկի, փառամոլ տենչերով կը վատթարի, կը տկարանա, կը հյուծի, և ընտանեկան հարկին երանության ճառագայթը կը նսեմանա, դժգոհության գիշերը կը տարածվի։

Անցած էին քանի մ՚ամիսներ ամուսնական անամպ երջանկությամբ մեր երկու ամոլից համար։ Հրանտ թեև գործունյա երիտասարդ մ՚էր, սակայն յուր վարած պաշտոնը ազգային հարուստ վաճառականի մի քով՝ ապրուստի մեծ միջոցներ