Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/216

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


չէր հայթայթեր իրեն. հետևապես խիստ չափավոր բարեկեցություն մի կրնար պատճառել յուր կնոջը։ Ստույգ է որ Զարուհին խիստ գոհ էր ու երջանիկ, և բնավ չէր հիշեր այն ճոխությունները զորս վարժ էր վայելել Հայնուռի տան մեջ։ Ինչ են զարդք և պաճուճանք սրտի գանձերուն առջև։ Զարուհին կը դիտեր ցավելով թե յուր ամուսինը կը տառապեր իրենց նյութական վիճակին բարելավությունը հաստատելու համար, և առավել անդորրավետ ընելու իրենց ներքին կյանքը։ Հետևապես օր մի հանկարծ գաղափարն ունեցավ ամուսնույն օգնելու յուր երաժշտական ու գրական կարողությանց կիրառությամբ և այդ հառաջադրությամբ անհուն գոհունակության և սփոփման զգացումն ունեցավ։ Արդարև քանի՜ մխիթարական է սիրելի անձի մի բեռը թեթևցնելու տրամադրությունը:

Զարուհին հայտնեց յուր դիտավորությունր Հրանտին՝ և սա ընդդիմացավ ուժգին։ Բայց մանկամարդ կինն այնչափ աղերսեց, արտասվեց համոզիչ փաստեր հառաջ բերելով, որ վերջապես ամուսինն սկսավ զիջանող ձև մ՚առնուլ։ Ո՞ր սիրտ, ո՞ր միտք կրնա դիմադրել սիրելի կնոջ մի պերճախոսության երբ սա մանավանդ յուր հոգին կը քաղե այն սքանչելի և գրավիչ բառերը որք իբր անձնվիրության մարգարիտներ կը հոսեն անոր բերնեն։ Զարուհին կես մի հաղթանակը տարած համարելով՝ ևս քան զևս պնդեց յուր խորհրդույն գործադրության համար, և յուր մեղույշ ժպտով, ու արտասվալից աչոք Հրանտին երեսը նայելով կաշխատեր անոր հավանությունն ստանալ։ Սա անկարող ըլլալով այնչափ շնորհաց և թախանձանաց դիմադրելու՝ ըսավ.

«Զարուհիս, չգիտես որպիսի մեղաղրանաց պիտի ենթարկես զիս. գուցե կարծվի թե հետդ ամուսնացա տաղանդեդ օգուտ քաղելու նպատակավ։

— Լո՛ւր ինձ, Հրա՛նտ, երբ լավ խորհուրդ մի կունենա ոք՝ զայն զործադրելու է առանց մտածելու թե որպիսի ենթադրությանց ծնունդ կրնա տալ։ Մարդիկ կը սիրեն քննադատել ամեն ինչ, հակամետ են պախարակելու, դատապարտելու նույն իսկ ինչ որ ամենայն գովասանությանց արժանի է։ Երբ ոք կը գործե՝ մխիթարություն ունենալու է մտածելու թե ընկերային կամ ընտանեկան պիտոյից ի նպաստ կաշխատի. երբ այդ հավատքն