Jump to content

Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/218

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ընելով։ Դու ինքդ դատե, Հրանտ, թե գործելու այս եղանակը որչափ հաճելի կրնա ըլլալ ինձ համար։

— Կուզե՞ս ուրեմն հրաժարիլ ազատութենեդ, բարեկամուհիներեդ ու այցելություններեդ, անձդ գերության դատապարտելով տանդ մեջ։

- Ոչ երբեք գերի կըլլամ, մի՛ վախնար։ Ընդունելության ժամերս կունենամ ինչպես և ազատ վայրկյաններս, ու տոնի օրերը քեզ կը ձոնեմ ամբողջապես։

- Դու ապաքեն վհուկ մ՚ես, Զարո՛ւհի, գիտես ամեն ինչ մոգիչ գույներով հանդիսացնել։

Այս խոսակցութենեն քանի մ՚օր վերջը, բարեկամներ գալով հայցելություն Հրանտի, Զարուհին իմացուց անոնց յուր դիտավորությունը դասատվություն ընելու։ Ոմանք քաջալերեցին զինքը և մանավանդ ծափահարեցին տալիք գեղեցիկ օրինակին համար. իսկ այլք՝ զայս նվաստություն համարեցին յուր ամուսնույն արժանապատվության համար։

Բայց Զարուհին կը պատասխաներ այս վերջիններուն ըսելով. «Եթե ամուսինս անգործ մնար ծալության պատճառավ ու ես զինքը կերակրեի, կրնայիք իրավունք ունենալ։ Բայց ես կը հարցնեմ ձեզ, թե ո՞ւր կը մնա արանց արժանապատվությունը երբ սակարկության կը մտնան իրենց ամուսնության ժամանակ, երբ կը վաճառվին իրենք առավել բարձր կամ համեստ գնով, ու այդ ընդունած դրամով շատ անգամ իրենց տանը ապրուստը կը հոգան, գործի կը ձեռնարկեն, և երբեմն՝ ինչ որ առավել դատապարտելի է, կը վատնեն այդ դրամն ի պետս իրենց հաճոյից»։ Այս վերջին խոսքերը Զարուհին մասնավոր կերպիվ շեշտեց վասնզի ուղղակի ակնարկություն մի կար ոմանց նկատմամբ որք դատապարտողաց կարգեն էին, և որք ակնկոր՝ լռություն պահելու պարտավորեցան։

Զարուհվույն դասատվություն ընելու դիտավորությունն իմացվելով, բազմաթիվ մայրեր փափագեցան օգուտ քաղել այդ առթեն իրենց աղջկանց նկատմամբ։ Բայց Զարուհին սահմանյալ թիվ մ՚աշակերտուհյաց որոշելով՝ շաբթվան մեջ չորս օրերուն կես մասն անոնց հատկացուց յուր լեզվագիտության