Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/220

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ մանավանդ կը ճանաչեր Սիրանույշի դատողությունը և կիրթ ճաշակը։

Տիկին Հայնուռ դստերը բնությունը լավ ուսումնասիրած էր ուրեմն, և մինչև անոր հոգվույն խորը թափանցած։ Ոչինչ այնչափ սուր է որչափ լուրջ մոր մի տեսությունը, զի մայրենի սերը կը կրկնապատկե անոր զորությունը։ Տիկինը հասկցած էր որդվույն գաղտնիքը, թեև ոչինչ կը հայտներ անոր։ Երվանդի հանճարույն վրա ունեցած համարումն՝ ու անոր անձին համար՝ սերը, ախորժելի կընեին գաղափարն զնա աղջկանը փեսայացնելու։ Կը մտածեր թե Երվանդ զՍիրանույշ տղայութենեն ի վեր կը ճանաչեր. թե երկուքը միատեղ ապրած ու մեծցած էին. թե նույն ճաշակներն ու սկզբունքներն ունեին, քանի որ յուր դուստրը Երվանդին գաղափարաց աշակերտած էր և անոնցմով սնած ու աճած։ Կը խորհեր Տիկինը թե փույթ չէր եթե Երվանդ հարուստ չէր քանի որ գեղեցիկ տաղանդ մ՚ուներ, և մանավանդ ժամանակ՝ հառաջադիմելու, զի Սիրանույշ խիստ ծաղկահասակ էր տակավին, և հետևապես կրնար բանի մի տարի սպասել։ Այս խորհրդածությունները իրեն տեսակ մ՚ապահովություն կուտային աղջկանը ապագային վրայոք, թեև պարագայից կը թողուր վերջնական որոշումը տալու անոր բախտին նկատմամբ։ Գուցե՝ կը մտածեր, դեպքերն ուրիշ տնօրինություն մ՚ընեին, և ճիշտ այս նկատմամբ էր որ զինքն արգիլած էր Սիրանույշին սիրո հույսերը քաջալերելու։

Յոթն ամիսներ անցած էին այն օրեն ի վեր ուր Զարուհինին ամուսնացած էր ու Երվանդ մեկնած։ Այդ անցյալ ամիսները Զարուհվույն թվեցան կարճատև ու անուշ՝ իբր վաղանցուկ ազդեցությունն սոխակին սրտագին մեկ վանկին որ զլուսին կողջունե, երբ սա երկնից բևեռած՝ մելամաղձոտ ակնարկ մի կը նետե շուրջ։ Մինչդեո Սիրանույշի համար այդ օրերը կը նմանեին անաստղ և անվերջանալի գիշերվան մ՚որ կորուսյալ ճամփորդին քայլերն ևս քան զևս կը մոլորեցնեին։ Երջանկությունը լուսաճաճանչ երազ մ՚է, իսկ դժբախտաթյունը՝ սև իրականություն մի։ Զարուհին ներկայն էր որ խինդ ու շող կը սփռեր շուրջը. իսկ Սիրանույշ՝ անորոշ ապագան որուն մեջ զԵրվանդ կընդնշմարեր հուսով և երկյուղիվ։