Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/221

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԳԼՈԻԽ Ը.

Երբ մեկնեցավ Երվանդ Պոլսեն, լքման ու խոր վհատության զգացմամբ համակվեցավ բոլորովին, մանավանդ երբ շոգենավը Մարմարայի ծովն հասավ ուսկից կը տեսներ պաշտած առարկային բնակատեղին՝ Գատըքյոյը, ու յուր մանկությունն անցուցած էր, ուր կը թողուր գերեզմաններն յուր սիրելյաց, յուր քույր, տիկին Հայնուռը, և մանավանդ յուր Սիրանույշը։ Աչերը խոնավացան, կաթիլ մ՚արտասուք անկավ յուր դեմքին վրա, կաթիլ մի որ հոգվույն բոլոր դառնությունը կը պարունակեր։ Սուրաց նավը ջուրերուն վրայեն, անհայտ եղավ Գատըքյոյը, անհայտ՝ և Պոլսո վերջին տեսարանները, երկինքն ու ծովը. տարածությունն ու վիշտը, ահա ինչ որ մնաց Երվանդին, մնաց նաև Սիրանույշի հիշատակն որ համայն տարածությունր կը լեցներ։ Կամրջակին վրա անշարժ կեցած, թևերը լայն կուրծքին վրա խաչաձև դրած, աչերը կուղղվեին հայն կողմ ուր յուր էությունը կը բովանդակվեր։ Կը նայեր, ո՞ւր. կր տեսներ, զո՞վ. զայդ ինքը գիտեր, ինքը կզգար։ Հոգին ինչպես երևակայությունն իրենց տեսությունն ունին, աներևույթ կը տեսնեն, անով սրտին կարոտը կսփոփեն։

Շոգենավը կը հառաջեր զանազան քաղաքներու, կղզիներու առջև կը կենար, ճամփորդներ կարձկեր, ճամփորդն օր կառներ, ապրանք կը հանեին, ապրանք կը մտցնեին, մարզիկ զիրար կը մղեին, մակույկներ շոգենավին վրա հարձակելով ձայն մի անոնց մեկուն մեջեն կը լսվեր, ճիչ մի մյուսեն, զվարթ խառնաշփոթություն ամեն ուրեք, զանազան դեմքեր, տեսարաններն. հոս զիրար կողջագուրեին, քանի մ՚ամսվան, քանի մի տարվան կարոտն կը հագեցնեին, հոն հրաժեշտի դառն ողջույնը կուտային։ Վերջապես այդ շարժումն ու աղմուկը բնավ ազդեցություն չէին ըներ Երվանդի վրա կարծես թե առարկաներն յուր քովեն կը սահեին անխոս և անշշուկ, այնչափ յուր միտքը կատարելապես գրավված էր Սիրանույշի հիշատակեն։

Բայց երբ հասավ ավանդական երկիրը վերջապես անզգայությունը թոթափեց, ոգևորեցավ, հույսեն ողողեցավ։ Ի Հռովմ՝ հանմահ նկարչական հրաշալյաց սրբավայրը եկած էր՝ ուր