Գեղեցիկ բայց պարզ ճաշակով զարդարված սենեկի մեջ, ճերմակ վարագույրներով շրջապատված կուսական անկողնո վրա տարածված էր Սիրանույշ անզգայության վիճակի մեջ։ Նվաղման երկարիլը, ու մահատիպ դեմքն օրիորդին՝ զտիկին Հայնուռ ցավող գերագույն աստիճանին կը հասցնեին։ Ամենեն գողտրիկ անունները կուտար անոր, զորս մայրենի սիրտը միայն գիտե ստեղծել. կը խնդրեր աղերսագին որ արթննա վերստին ու խոսի իրեն։ Բայց ողորմելի երիտասարդուհին մայրենի ձայնին անզգա կը մնար, մինչ Պ. Հայնուռ որդվույն նվաղման վիճակեն կը հուզվեր, ու խոժոռ նայվածք մի կնոջն ուղղելով՝ զինքն այդ չարյաց պատճառ կը համարեր։
Վերջապես Սիրանույշին բերնեն տխուր հառաչանք մի լսվելով, տառապյալ մայրը շունչ առավ։ Անտիական աղջիկն աչերը սկսավ բանալ աստիճանաբար ու անզգայաբար նայիլ շուրջն եղած աղմկալի շարժման։ Մայրը քովը կեցած երեսը կը շոյեր, մինչ լռին արտասուքը աչերեն կը սահեին, իսկ հայրը անկողնույն մոտ կայնած էր խռովահույզ դիմոք։ Տակավ առ տակավ Սիրանույշ սթափեցավ. բոլոր անցյալը հետզհետե միտքն եկավ, հորը նայեցավ ու «Մայր իմ» մնչելով, աչերը գոցեց ու վերստին նվաղեցավ։ Տիկին Հայնուռ պատվիրեց որ ամենքր սենյակեն դուրս ելնեն, ու քովը մեկ սպասուհի միայն պահելով հաջողեցավ վերստին աղջիկր սթափելու։ Ահաբեկ մայրը մինչև առավոտ Սիրանույշի սնարին մոտ անցուց անքուն, անոր փոթորկալից քունին վրա հսկելու, շունչը քննելու և ամեն խնամք մատակարարելու համար։ Գիշերն ի բուն վշտաբեկ կույսն զառանցելով Երվանդին անունը տվավ։ Իսկ հաջորդ առավոտուն արթնցավ չափազանց հուզման հաջորդող հանդարտությամբ։ Բայց այնչափ դալկահար էր և տկար որ կարծես թե երկարատև հիվանդությամբ տառապած էր։ Սակայն ի՞նչ է մարմնույն ցավը բարոյական վշտին բաղդատությամբ։ Մին մարմնույն՝ այսինքն նյութին ախտն է. մյուսը. հոգվույն՝ այսինքն այն