Jump to content

Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/248

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երևցած էր կիսամեռ կուսին։ Խույս տվավ սենեկե ցնորածի նման քայլելով և ուղղվելով դեպ այն տերևազարդ հովանոցն ուր Երվանդի հավատարմության երդում ըրած էր Զարուհվույն հարսանյաց իրիկունը։ Գնաց նույն տեղը ծնրադրեց ուր նստած էր անոր քով ու լացավ անմխիթար. այն օրվան և այս օրվան մեջ ի՜նչ տարբերություն։ «Խեղճ Երվանդ, կըսեր, այժմեն մեր մեջ ամեն ինչ վերջացավ և, սակայն կը զգամ որ երբեք այս վայրկյանիս չափ զքեզ սիրած չէի։ Ի՞նչ պիտի մտածես արդյոք երբ իմանաս անգթությունս քեզ նկատմսւմբ՝ և ըրած խոստմնազանցությունս. արդյոք ի՞նչ գույներով պիտի նկարես զիս մտացդ մեջ. գուցե կարծես թե զքեզ մեծությանց զոհեցիք թե հրեշ մ՚եմ, թե բնավ խղճմտություն չըրի վեհ հոգիդ հոշոտելու որպեսզի պերճանք և փառք վայելեմ։ Եվ սակայն, Երվա՛նդ իմ պաշտելի, ոչ ոք կրնամ սիրել բացի քեզմե։ Լավագույն էր ինձ խրճիթ մի քեզմով քան թե ապարան մ՚ուրիշի հետ»։ Հեծկլտանաց մեջ ձայնը նվաղեցավ, ու հետո գոչեց դառնագին.

«Մա՛յր, մա՛յր, որչա՜փ մեծ է սերս քեզի համար որչափ անհուն է կատարած զոհս։ Զքեզ հորս կշտամբանաց ու նախատալից խոսքերուն չենթարկելու համար անգամ մի ևս զԵրվանդս տառապանաց ու արտասվաց կը մատնեմ, թող թե նաև սիրտս կսպաննեմ, և զքեզ, մայր, անորդի չթողլու համար վանաց անդորրավետ կյանքեն կը հրաժարիմ։ Սակայն մի՛ կարծեր, մա՛յրիկ, որ կը գանգատիմ քեզի դեմ, ո՛չ, ո՛չ, քավ լիցի, հոգիս բողոք չբառնար, ոչ երբեք, այլ միայն կարյունի վասնզի Երվանդս որբ կը մնա աշխարհիս վրա։ Ողորմելի՜ Երվանդ, ողորմելի՜ Սիրանույշ. երջանկությունն զմեզ յուր ծոցեն վանեց. միանանք ուրեմն վշտին մեջ»։

Կարտասվեր դառնապես հեգ կույսը, և ոչինչ ուներ ի մխիթարություն. կուլար անհույս զի երջանկության արևը վար իջած էր յուր կենացն հորիզոնեն։ Կը նայեր ապագային զարհուրմամբ ու կը տեսներ հոն ժանտ դեմք մ՚որ զինքը կը սարսափեցներ։

«Ո՜հ, կը կոչեր ողբագին, չէր այն դեմքն որով այնչափ տարիներե ի վեր հոգիս վարժած էր հրճվիլ…։ Մա՛յր, մա՛յր, և սակայն պետք է որ ապրիմ քեզի համար, սիրովս