Jump to content

Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/25

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՀԱՌԱՋԱԲԱՆ

Խիստ ծաղկահասակ էի տակավին երբ սկսա կարդալ այնպիսի հեղինակներ՝ որք ընկերական և կրոնական զեղծմանց դեմ կը բողոքեին ուժգին։ Այդ բողոքն արձագանք գտավ սրտիս մեջ, մտացս մշտատև նյութն եղավ, և մանավանդ քաջալերվեցա մորս զարգացած և լուրջ գաղափարներեն, որոնցմով ինքը կը փայլեր շատոնցվընե ի վեր Հայ Ազգին հետադեմ աշխարհին վրա։ Ոչի՛նչ այնչափ զորավոր է որչափ մայրենի խրախույսը․ ուստի անձիս հետ կ՚աճեր հիս զեղծմանց դեմ թշնամություն, և արդարության համար սեր․ բայց սեր մ՚անզոր և անխոս, զի ապրած միջավայրս լռության կը դատապարտեր լեզուս։

Վերջապես հասավ այն օրը հորում բախտակից եղավ ինձ գեղարվեստի զավակ մի, այսինքն անհունության զավակ՝ զի գեղարվեստն անծիրն է։ Ներդաշնակության աշխարհներու մեջ ազատորեն դեգերող ճոխ միտքը բնականապես սահմանափակ միջավայրներու և նախապաշարմանց թշնամին ըլլալով, ազատ թողուց զիս մտածելու և բողոքելու։ Այսօր հրապարակավ երախտագիտությանս տուրքը կը մատուցանեմ Ամուսնույս, հոգվույս պետքը հասկցած, քաջալերած և կերպով մի Մորս ընթացքը շարունակած ըլլալուն համար։


3