Jump to content

Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/26

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



Ուստի բավական ժամանակե ի վեր հոգիս կը մաշեր ընկերային այլ և այլ ողորմելի նախապաշարմանց տեսարանենեն։ Կը տեսնեի, կը ցավեի, բերնով կը բողոքեի, իսկ այսօր գրչով կը բողոքեմ։ Ինչ՞ փույթ ինձ կարողությանս նվազությունը, ինչ՞ փույթ դատաքննությունը։ Ես խղճիս ձայնին կը հնազանդիմ, պետք մի կը լրացնեմ, բավ է ինձ այդ։

Կը կրկնեմ՝ անիրավության և նախապաշարմանց թշնամին եմ․ հետևապես սրտմտելով կը տեսնեմ այն շղթաները որով կանացի սեռը կաշկանդված է․ այնպես որ կնոջ ո՛չ խոսքը, ո՛չ գործը և ո՛չ շարժումը բնական է կամ ճշմարիտ․ և միթե լուծի ներքև ճշմարտությունը կրնա՞ ապրիլ երբեք։ Կնոջ ցավալի վիճակը խորհրդածությանցս առարկա եղած է միշտ․ զի կինն ընկերության ողորմելի զոհն է։ Կ՚ամաչե նա սիրելու՝ այսինքն սիրտ մ՚ունենալը խոստովանելու․ կ՚ամաչե արդարության բառը հնչելու՝ այսինքն իրավունք մ՚ունենալը հայտարարելու․ կ՚ամաչե կրոնից և օրինաց զեղծմունքը հայտնելու՝ այսինքն խիղճ և բանականություն ունենալը ապացուցանելու․ վերջապես կ՚ամաչե յուր բարոյական հանգամանքն ամբողջապես ի հանդես հանելու․ «Ե՛ս եմ, ե՛ս ևս ի հաշիվ կրնամ մտնել» ըսելու։ Ուստի գլխիկոր, ափ ի բերան կապրի, կանցնի աշխարհես անձայն և անշշուկ, և ո՛րչափ աննշմարելի ըլլա ընթացքն՝ ա՛յնչափ գովելի է։

Ահա մեր այժմյա ցավալի կացությունն որո դեմ կը բողոքե մեծն Ամերիկա՝ օրրանն ազատության, և յուր բողոքներն սկսած են արձագանք գտնալ Եվրոպայի մեջ, և օր ավուր զորանալ։

Վիպասանական պատմության ձևով փափագեցա ընկերական զեղծմանց գլխավորները նշանակել․ հետևապես մեծ կամ չափավոր կատարելությամբ վեպ մի հեղինակած ըլլալու հավակնությունը չունիմ։ Ուզեցի ճշմարտությունը հայտնել ախորժելի ձևի ներքև, և այս եղավ գլխավոր գրգիռս վեպ մի գրելու, թեև կը խոստովանիմ, որ այս երկը հորինելու մղվեցա նաև հանճարեղ և ներողամիտ բարեկամներե, որոց ձայնը միշտ ազդեցություն ունեցած է վրաս։

Ընթերցողացս ներողամտությունը կը խնդրեմ երկիս նկատմամբ, որ եթե զուրկ է ամենայն կատարելութենե, գոնե

4