օրիորդին գոց դռանն առջև։ Զարուհին ընդ հառաջ երթալով զՍիրանույշ կոչեց առանց բնավ պատասխան մ՚ընդունելու. երկրորդ և երրորդ անգամ նույնն ըրավ, և սակայն նույն լռությունն ունեցավ ի պատասխանի։ Հայն ժամ փութաց այլայլելով դուռը բանալու, և տեսավ զՍիրանույշ գետին տարածված նամակ մի ի ձեռին։ Ճիչ մ՚արձակեց Զարուհին խուցեն ներս ընթանալով, Հրանտին հետ մոտեցավ տառապելույն, ձեռքը բռնեց, սառած էր այն. բերնին մոտեցավ, շունչ չուներ այն. իսկ դեմքին վրա տարածված էր մահվան դալուկը։
«Ո՜հ, գոչեց Զարուհին, հետին հուսահատությամբ, Սիրանույշս մեռավ»։
Թեև Հրանտ նույն կասկածն ունեցավ մեկեն ի մեկ, սակայն զամուսինն ապահովելու համար հաստատեց թե նվաղյալ էր աղջիկը միայն, և թե ամենայն խնամք լռությամբ և հանդարտությամբ մատակարարելու էր անոր՝ զտիկին Հայնուռ չարթնցնելու՝ ու իրեն որևէ այլայլություն չպատճառելու համար, քանի որ այդ կրնար աղետալի ըլլալ իրեն։
Երկու ամոլք զետեղեցին զՍիրանույշ անկողնույն վրա. ու Զարուհին անմիջապես գեղեցկաբույր ջուրեր մոտեցնելով անոր քթին՝ զինքն անով շփեց սառած մարմնույն ջերմություն ազդելու ու կյանք վերադարձնելու համար։ Հրանտ յուր կողմեն բոլոր պատուհանները բացավ որպեսզի օդին զովությամբ սթափի Սիրանույշ, բայց ամեն խնամք ապարդյուն կը մնային։ Երբ վարագույրները բացվեցան լուսինը յուր մելամաղձոտ նշույլներն արձակեց նվաղյալ աղջկան երեսին վրա. կարծես թե երկնային կանթեղ մի կը փայլեր երկրային այդ նահատակին վրա։
Բայց երբ հուսահատելով Զարուհին կը պատրաստվեր բժշկին օգնության դիմելու, վերջապես ահա Սիրանույշին մարմինն սկսավ տակավ առ տակավ ջերմանալ, արյունը շրջան առնուլ, երակները մեղմաբար բաբախել։ Հանգստացավ ահաբեկ մանկամարդին սիրտն, ապահով էր թե յուր սիրելին մեռած չէր։ Վերջապես Զարուհվույն անխոնջ խնամոց շնորհիվ ինչպես և անոր ամուսնույն՝ Սիրանույշի բերնեն թեթև հառաչ մի լսվեցավ, նվաղյալը տակավ առ տակավ