Jump to content

Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/255

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սթափեցավ, աչերը բացավ, անզգայաբար նայվածքը շուրջ տարածեց, վերստին աչերը գոցեց, վերստին բացավ, աստիճանաբար ինքզինքին եկավ, տեսավ զԶարուհին որ ծնրադրած էր յուր մոտ ու ձեռքերը կը շփեր. նայեցավ Հրանտին որ կը հովհարեր զինքը, նայեցավ հիշեց, և հաջողեցավ ըսելու «Ո՞ւր է նամակս» բայց այնպիսի տկար եղանակավ, որ առավել օրհասականի հառաչանքի կը նմաներ քան թե մարդկային բնական ձայնի։ Տվին նամակն իրեն, ուժ չուներ բռնելու զայն, քովը դրին։ Քիչ մի ժամանակ անցավ, և խոսելու կարողությունը ավելնալով «Ավա՜ղ, մնչեց ի ձայն բեկբեկ, գոհությունը կատարվեցավ, զմայրն իմ ազատելու համար Երվանդս զոհեցի, ու սրտիս դահիճն եղա։ Ո՜հ, այլ ևս չկա Երվանդ ինձ համար, Դարեհյանի գերին պիտի ըլլամ, ափսոս»:

Զարհուրեցան երկու ամոլք։ Զարուհին մեկ կողմ երթալով առանց Սիրանույշեն տեսնվելու, երկու ձեռքերը միացուց ու մրմնջեց. «Խե՛ղճ, խե՛ղճ եղբայրս, ի՜նչպես այս խիստ հարվածին պիտի տոկաս դու»։

Վերջապես Սիրանույշին վշտաբեկ հոգին քիչ մը սփոփանք կը գտներ քունին մեջ, մինչդեռ Հրանտ ու յուր կինը երկայն բազմոցներու վրա տարածված՝ երբեմն արթուն և երբեմն ի քուն, հսկեցին անդուլ թշվառ աղջկան վրա մինչև առավոտ։

Երբ արևը զվարթ ու պայծառ ծագեցավ՝ Սիրանույշ նայելով անոր ու դառն ժպտով մ՚ըսավ.

«Տեսե՛ք երկնից հսկա ջահը սրտիս հսկա ողջակեզը կը լուսավորե»։

Լուռ կը կենար Զարուհին. ի՞նչ կրնար ըսել ի սփոփում անհուն վշտի։ Այսպիսի պարագայի մեջ մխիթարական խոսքեր ցավին նկատմամբ սոսկալի հեգնություն մ՚են։ Կը մտախոհեր Սիրանույշի անտանելի վիճակին, և մանավանդ յուր եղբորը նսեմ բախտին վրա, որ օտար երկրի մեջ, օտարականներե շրջապատյալ, յուր ընտանիքեն ոչ զոք ուներ իրեն ցավակցելու, երբ յուր գեղեցիկ հույսերուն քայքայման լուրն առնուր։ Ի՞նչպես պիտի տոկար այդ անակնկալ խիստ հարվածին. յուր կարեվեր հոգին որո՞ւ վրա պիտի