Jump to content

Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/271

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Խոսե՛, Ճուլիա, պնդեց Երվանդ, հուսալով իմանալ վերջապես այն գաղտնիքն որ կը տառապեցներ Լեոնարտոն ու Վիրճինիոն։ Խոստովանե, ի՛՞նչ կը վախնաս․ եթե անզոր եմ քեզ օգնելու, գոնե կարող եմ քեզ վշտակցելովս՝ ցավդ սփոփվելու։ Կը տեսնեմ դժբախտաբար որ բնավ վստահություն չեմ ազդած քեզ»։

Ճուլիայի բոլոր էությունը սկսավ դողալ։ Տխուր ժպտով նայեցավ Երվանդին և ըսավ․

-Կը խոստանամ հաղորդել քեզ իմ գաղտնիքս երբ ժամանակը հասնի։

-Ո՞ր ժամանակին կսպասես, Ճուլիա՛։

-Կսպասեմ մահվանս վայրկենին․ հայնժամ քեզ միայն պիտի հայտնեմ սրտիս անբույժ վերքը, ու գերեզման պիտի իջնեմ։ Գուցե՝ առանց խիղճ ընելու, կարեկից արտասուք մի ունես ինձի մխիթարություն ցուրտ շիրմիս։

Զայս ըսելով դեմքը ձեռքերովը ծածկեց ու սկսավ լալ դառնագին:

Երվանդ զարհուրամբ կարծեց գուշակել գաղտնիքն այն որ համառելով ուզած էր իմանալ, ու այլայլության մեջ գոչեց հանկարծ:

— Ո՜հ, Ճուլիա՛, արդյո՞ք իրավ է որ ես եմ ցավոցդ պատճառը։

— Ավա՜ղ, ի՞նչ օգուտ, դու ուրիշը կը սիրես։

–Ո՜վ դժբախտություն,— գոչեց Երվանդ հուսահատելով․— ես եմ ուրեմն տառապանացդ առարկան։

Սոսկումն ու զարմանքր զինքը պաշարած էին բոլորովին: Ինքն ուրեմն հանգետս յուր սիրելի բարեկամաց ընտանեկան անդորրը վրդոված էր։ Լուռ հուսահատության այդ դառը մտածության մեջ էր խորահույզ:

Ճուլիան որ կը հասկնար Երվանդի տհաճությունը հանչափս կը զղջար սրտի գաղտնիքը մատնած ըլլալուն համար, որով հոգվույն ամենայն դառնությամբ գոչեց․

–Ո՜հ, կը տեսնեմ թե քեզ զարհուրանք ազդեցի։ Լավ կըմբռնեմ թե ուրիշ սքանչելի պատկերի բաղդատությամբ խոր զզվանք կազդե քեզ։ Անգութ Երվանդ, ինչո՞ւ սրտիս մեջ ուզեցիր հետաքրքիր նայվածք մ՚արձակել: