Երվանդ այս խոսքերեն զգացվելով խիղճ ըրավ, մոտեցավ աղջկան, ու ձեռքը բռնելով ըսավ.
- Ճուլիա՛, նույնչափ նվիրական ես ինձ որչափ էիր։ Լռությունս մի՛ զզվանաց վերագրեր այլ վշտիս, զի թե զքեզ և թե ընտանիքդ հակամայս ապերջանիկ ըրի։ Այնչափ մեծ է բարեկամությունս ձեզի համար, աչնչափ փափագելի էր ինձ ձեր երջանկությունը, և սակայն ահա ես, թշվառս, դժբախտություն մտցուցի այս առաքինի տան մեջ։ Ի՜նչ աղետք է ինձ համար։
— Գիտեմ,—ըսավ Ճուլիան վշտահար ձայնիվ,— որ զգացումս տաժանելի է քեզ համար. և եթե զայդ հայտնեցի քեզ՝ դու պահանջեցիր, դու ստիպեցիր զիս և ես հնազանդեցա քեզ։ Հուսացի, ես հեգս, թե գուցե խիղճ չես ըներ իմ հառաչանացս արձագանք մի տալու. բայց սխալեցա։ Ուրիշի համար ունեցած սերդ այնչափ մեծ է որ նույնիսկ օրհասական ձայնս անգամ անպատասխան պիտի մնա։
- Մի՛ մեղադրեր զիս, Ճուլիա՛, եթե սիրտս նվիրած եմ արդեն։ Բայց ինչ որ հանգստությանդ, ու երջանկությանդ կրնա նպաստել պատրաստ եմ գործադրել զայդ։
- Այսուհետև երջանկությունս մահվան մեջ պիտի փնտրեմ։
- Ո՜հ, Ճուլիա, ապրե՛, կը թախանձեմ քեզ։
- Ապրիմ, և որո՞ւ համար։
- Հորդ, եղբորդ և ինձ համար։
- Քե՞զ համար. բայց կը մոռնա՞ս արդյոք սրտիդ շղթաները։ Քանի որ սիրտդ չես կրնար պարգևել, կը մնա ինձ մեռնիլ միայն։
- Ո՛չ, ո՛չ, չեմ հավանիր, պետք է որ ապրիս, Ճուլիա։
- Ապրիմ, բայց ի՞նչ պայմանավ։
Երվանդ այն աստիճանի գրավված էր զՃուլիան փրկելու բաղձանքեն, որ նույնիսկ կյանքը պիտի խոստանար անոր։ Բայց ահա հանկարծ աչացն առջև ներկայացավ Սիրանույշի պատկերն, որ կարծես թե սրտմտելով անհավատարմությունը երեսին կուտար։ Սարսափեցավ, թվեցավ իրեն սրբապղծություն մ՚ըրած ըլլալ այդ նվիրական պատկերին նկատմամբ․ կարծեց յուր սիրույն դեմ մատնություն գործած ըլլալ,