և յուր ալետանջ հոգին այնպես կը հուզվեր որ կուզեր ներումն իւնդրել այդ սրբանվեր երևույթեն, երբ Ճուլիա որ անհնարին անհամբերությամբ Երվանդին պատասխանին կապասեր, ըսավ այլայլելով.
–Չես կա՞միր ուրեմն պայմաններդ իմացնել։
–Ճուլիա՛, ես քեզ համար անկեղծ, անձնվեր եղբայր մ՚եմ։ Խնդրե՛ և կատարեմ, հրամայե և հնազանդիմ։ Ի՞նչ առավել կուզես:
–Խոստացածդ թե շատ է և թե շատ քիչ, ոչ խնղիրք ունիմ մատուցանելու, և ոչ ալ հրաման տալու։ Ես սիրտդ կուզեմ միայն, կարո՞ղ ես զայդ շնորհելու ինձ։
-Եթե սրտիս տերն ես ըլլայի ապահովապես ստացվածքդ պիտի համարվեր այն: Բայց, Ճուլիա՛, գթա՛ իմ վրաս, ու մի՛ զիս իբրև դահիճ ներկայացներ հորդ, եղբորդ և իմ խղճիս առջև: Գթա ու ապրե:
–Ապրեմ որպեսզի զքեզ խղճե՞դ ազատեմ: Ապրիմ որպեսզի թողուս զիս՝ ուրիշի հետ երանություն վայելելու համար, մինչ ես մենիկ, անհույս, սիրո խաչը ուսերուս վրա առած թափառական շրջիմ հեռու այն երանելի աշխարհեն որուն մուտքն ինձ արգիլյալ պիտի ըլլա ուրիշ հակառակ սիրուհվո մի ձեռամբ, ապրիմ մինչ…:
Ձայնը խեղդվեցավ սև հեծկլտանքի մեջ, ու նստարանին վրա գրեթե անշունչ մնաց աչքերը գոց:
Երվանդը կարծելով թե Ճուլիան նվաղած էր, դեպ անոր ընթացավ յուր դալկահար գլուխը թևերուն մեջ առնելով, ու սրտահույզ եղանակավ գոչեց-
–Ճուլիա՛, Ճուլիա՛, արթնացի՛ր, խոսե՛, ճանչցի՛ր զիս:
Ճուլիան նվաղյալ չէր, այլ տկարության ու սաստիկ հուզման հետևանքեն անշարժ մնացած էր գրեթե կիսամեռ: Երվանդին մերձավորությունը, անոր թախանձանքը ու այլայլությունը քաղցր ազդեցություն մ՚ըրին յուր վրան: Աչքերը բացավ, նայեցավ երիտասարդին մինչ գլուխը անոր կուրծքին վրա հենած էր: Չէր խոսեր, այլ կը վայելեր այդ երանելի րոպեն՝ միակն որ իրեն քիչ մի մխիթարություն կուտար տառապալից ամիսներե վերջը: Կը փափագեր որ մահը այցելեր իրեն նույն վայրկյանին մինչ երջանիկ էր: