Jump to content

Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/280

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ժպտուն հույսն էի, մահահրավեր անհուսությունն եմ։ Ապագան մերն է, կը գոչեի քեզ ցնծալով, արդ անցյալը կորոնեմ սարսափելով։ Կը փափագեի արևը փութացնելու յուր շրջանին մեջ, արդ կյանքս կուտամ զայն կասեցնելու համար։ Դու և ես հոգվույս նկատմամբ մեկ անձ մ՚էինք, արդ երկու տարբեր անձինք ենք․ զքեզ քովս կը բաղձայի, այժմ հարկն, այլ ոչ սիրտս, զքեզ կարտաքսե, կը բաժնե ինձմե։ Ո՜հ, ո՞ւր էր թե մեռնեի։ Երվանդ, ես զքեզ ձեռամբս կը կորսնցնեմ ուրիշի մի կենսակից ըլլալու համար։ Ես անձամբ զոհս պիտի կատարեմ, ես անձամբ ձեռքս ատելի ձեռաց պիտի միացնեմ, ու բերանս պիտի խոստանա այն հավատարմությունը զոր սիրտս ուխտած է քեզ։ Երվա՛նդ, քեզմե կը բաժնվիմ, և հեգս՝ կապրի՞մ տակավին։ Հոգվույս մեջ արմատացած պատկերը կը խլեն և դեռ սիրտս կը բաբախե։ Բերանս մնաս բարյավ կը մնչե քեզ, մինչ հոգիս անունդ կը հոլովե անդադար։ Սի՜րել էությանս բոլոր զորությամբն և հրաժարիլ կամովին ամեն բանե որ զիս կը ցնծացնե, կոգևորե, կապրեցնե, ահա՛ կատարածս, ո՛վ Երվանդ։ Սակայն մի՛ մեղադրեր զիս, ողբա վրաս, կամ թե ողբանք միասին մեր նսեմ բախտին վրա։ Ո՜հ լուր ինձ։

Նույն օրն ուր քրոջդ երջանկությունը կը հաստատվեր, ուր երկու հոգիներ կը միանային ցկյանս, նույն օրը զմեզ կը բաժներ, մինչդեռ մեր սրտերր փոխադարձ հավատարմություն կուխտեին իրարու։ Թշնամին որ պիտի բաժներ զմեզ հոն էր, Երվանդ, հոն էր և մենք ոչինչ զգացինք։ Մեր դժբախտության համար Դարեհյանի ուշադրությունր գրավեցի ու զիս խնդրեց ի հարսնություն։ Կը ճանաչես հորս մեծամեծ իղձերը, և կը մակաբերես անշուշտ թե որպիսի ցնծությամբ յուր հաճությունը տվավ։ Երբ իմացա աղետալի լուրն՝ ընդդիմացա, ընդվզեցա հորս կամացը դեմ, և հայտնեցի որոշումս չրնկճելու որևէ բռնաբարութենեն, ու քեզ հավատարիմ մնալու միշտ։ Ի՜նչ փույթ էր ինձ կրած հուզումս, տագնապս, նվազումս, հիվանդությունս ցորչափ ազատ էի։ Բայց մայրս որ կօգներ ինձ մայրենի սիրույն անբավ զորությամբն, որ հորս ամեն սոսկալի նախատանաց կը հանդուրժեր, որ իբր մարտիրոս կը նահատակվեր սիրահար սրտիս ու քեզ ի պաշտպանություն, որ