Jump to content

Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/282

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հասավ վայրկյանն ըսելու քեզ «Մնաս բարյավ, Երվա՛նդ իմ, մնաս բարյավ անգամ մի ևս։ Ամեն ինչ վերջացավ մեր մեջ. վաղվընե սկսյալ շղթաներս պիտի փայփայեմ։ Վաղվընե սկսյալ անցուցած օրերս ի հաշիվ պիտի առնեմ, ու հետ ավարտման մեն մի օրվան պիտի գոչեմ հաղթանակավ․ «Քայլ մ՚առավել առի դեպի մահ»։

Մնա՛ս բարյավ, մոռցիր զիս, երջանիկ եղիր։ Ոհ, բայց երջանիկ եղիր առանց սակայն զիս բոլորովին մոռնալու։ Կուզեմ վերջացնել ողբս ազնիվ հոգիդ չհոշոտելու համար, և սակայն սիրտս կը դրդե զձեռքս այլ ևս բառ մի գծելու, զի ավաղ, ավաղ, այսօր միայն տակավին ազատ է գրելու։ Ուրեմն ստուգիվ զքեզ կը կորսնցնեմ։ Միտքս կը մոլորի, ո՜հ, և սակայն կը հուսամ տակավին երբ ամեն հույս մեռած է։ Մնաս բարյա՜վ, Երվա՛նդ իմ պաշտելի։ Համբերե քու դառն վիճակիդ։ Կը թողում քեզ ի մխիթար մեր անցյալ գեղեցիկ օրերուն հիշատակն և գեղարվեստր. մին սիրո անսահմանություն է կենաց սահմանափակ շրջանին մեջ, և մյուսն՝ անմահությունը արվեստին անեզրության մեջ։ Մեն մի անգամ որ վրձինդ ձեռքդ պիտի առնես հիշե՛ զիս, զի պաշտեցի հանճարդ ինչպես պաշտեցի հոգիդ, Երվա՛նդ իմ․ կը նվաղիմ, բարյավ մնաս»։

Անկավ գրիչը Սիրանույշի ձեռքեն, աչերն ամպոտեցան, միտքը շփոթեցավ, կռթնեցուց գլուխը բազմոցին վրա ու աչերը գոցվեցան։ Ամեն ինչ խառն ի խուռն յուր մտաց առջևեն կանցներ, առանց որևէ առարկա, որոշ պատկեր մի ձևացնելու իրեն։ Դիպաց արագ հաջորդությունը, անոնց ընդհատումը այնպես երևակայությունը կը մոլորեցնեին որ կարծես թե փոթորկի մի խաղալիք եղած էր, թե կերազեր արթնությանը մեջ։ Բայց միտքն աստիճանաբար հանդարտելով՝ իրերն սկսան գծագրվիլ, պատկերները պարզվիլ, երազն իրողության վերածվիլ․ սկսավ տեսնել վերստին զյուր Երվանդ և անոր քով սպառնալից, ժանտ կերպարանք մի։ Սարսափեցավ ու հեգն հորդ արտասվաց մեջ ջանաց անհնարին բեռը թեթևցնել։

Նույն միջոցին Զարուհվույն անուշ ձայնը լսեց որ յուր անունը տալով սենեկեն ներս կը մտներ։ Սիրանույշ անոր գիրկն