Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/285

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ո՜վ արդյոք կրնար հավատալ թե այդչափ ադամանդաց․ ծաղկանց ու շնորհաց ներքև, կարեվեր սիրտ մի կարյուներ հորդառատ։ Ո՜վ կրնար երևակայել թե այդչափ պերճանաց ա շքեղությանց մեջ հոգի մի կարհամարհեր բոլոր այդ մեծ ցույցերու արտահայտությունը։ Այո՛, ո՜վ կրնար հավատալ երբ մարդկանց համար երջանիկ ամուսնությունն ոսկին ու պատիվներն են, և ոչ թե մարդը, ոչ թե բանականությունը, ոչ թե բարի հանգամանքն։ Իբր թե մարդն անասուն մ՚ըլլար, նյութ մ՚ըլլար պարզապես, և ոչ թե հոգի, ոչ թե զգացումն. իբր թե ոսկին ու շքանշաններն արտասուքը ջնջեին, հառաչանքը խեղդեին, վիշտը բժշկեին. իբր թե սրտին հեշտ բաբախումն ազդեին, սիրո աղբյուր կազմեին, երանության օրեր գոյացնեին:

Ամուսնությունն երկու հոգիներու մեջ սուրբ դաշնադրություն մ՚է, փոխադարձ անշահախնդիր երաշխավորություն մ՚է իրարու երջանկության աշխատելու, իրարու ծանրությունը թեթևցնելու, զիրար սիրելու։ Բայց ամուսնությունը այսօր տարբեր ուղղություն մ՚առած է, նվաստ առ և տուր մ՚եղած է։ Անպիտանը և ծույլը փոխանակ ջանադիր ըլլալու գործունեությամբն ապագա մի հարդարելու անձին, կերազե հարուստ հարս մի որուն հարստության վրա կը հիմնե կենաց անդորրությունը։ Այսօր ամուսնության պայմանն է ոչ թե բարոյական հանգամանքն, այլ ոսկին։ Չի հարցվիր թե ինչպես է անձը, այլ ինչ ունի։ Չի փնտրվիր բարոյական էակն՝ այլ նյութականը։ Ի՜նչ զարմանք ուրեմն եթե ամուսնություններն այսօր այնչափ անհաջող են, եթե բնավորություններն իրարու հետ չեն հաշտվիր, եթե կամքերն իրարու չեն համաձայնիր, եթե փոխանակ միաբանության անմիաբանություն կա, փոխանակ սիրո անտարբերություն կամ հակակրություն։ Ի՜նչ զարմանք եթե ոսկվո ներքև հրեշ մի երևան կելնե հանկարծ, հրեշ չարության, անզգայության և անձնասիրության։ Ի՜նչ իրավամբ ոք կրնա գանգատիլ հայնժամ քանի որ անփույթ եղավ ոսկվո ներքև սատանը փնտրելու։ Ոսկին ընտիր հոգին չէ, ու ընտիր հոգին միայն գիտե զոհվիլ և սիրել։ Ոսկին զբոսանքն է, հեշտությունն է, բայց սերը միայն երջանկությունն է: