Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/295

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


կարծիքը կը բավեր կենացը հորիզոնին սևաբույր ամպերը վարդագունի վերածելու։

Լեոնարտո աղջկանը շրթանցը վրա ժպտին ուրվագրիլը նշմարելով անպատում ուրախությամբ համակված էր, որով վերջ կուտար այն ամեն հետազոտությանց անոր սգույն պատճառն իմանալու համար։ Լեոնարտոն երանելի էր. ինչ փույթ էր իրեն այն թանձր ամպն որ զավկին հոգին մթնցուցած էր, քանի որ ցրված էր նույն պահուն. և ոչ իսկ կուզեր հիշել այն անցյալն ուր այնչափ մտատանջության վայրկյաններ ունեցած էր, այնչափ երկյուղներ յուր սիրելի Ճուլիայի կենաց նկատմամբ, ու այնչափ անքուն գիշերներ։ Դուստրն յուր կյանքն էր, ինքն ամեն ինչ անով էր։

Օր մի Լեոնարտոյի սյցելության գնացած ըլլալով Երվանդ, այդպիսի սև տխրությամբ ծածկված էր դեմքը, որ Ճուլիա սարսափելով ուզեց պատճառն իմանալ։ Երվանդ բոլորովին անհնարին կասկածներեն գրավված, և առանց բնավ հիշելու կուսին սիրային տրամադրությունները յուր նկատմամբ, գոչեց խոր հուսահատությամբ «Ո՜հ, նախազդեցություն մ՚ունիմ որ դժբախտ պատահար մի հանդիպած է Սիրանույշին և եթե վախերս ստուգվին, կորուսյալ մարդ մ՚եմ․ ապրիլն անհնար է ինձ այնուհետև»։

Ճուլիայի դեմքը մթնցավ, սիրտը ջախջախվեցավ, հույսերն ոչնչացան։ Հայտնի էր թե Երվանդին հոգին Սիրանույշի նվիրված էր ոչ ևս տարակուսանաց տեղի կար։ Հեգն գլուխը խոնարհեցուց բախտին ահավոր հարվածին ներքև, ու մահվան գաղափարին մեջ մխիթարություն գտավ։

Նույն վայրկյան են որ Երվանդ ճանչցած էր Ճուլիայի զգացումներն յուր նկատմամբ, զգուշացած էր Սիրանույշի անունը հնչել անոր առջև. և այդ փափուկ զգուշությունն նպաստավոր կերպիվ մեկնած էր Ճուլիա, իբրև մոռացության նշան համարած էր։

Երվանդ մեկնելով Լեոնարտոյի տունեն փութաց յուր սենյակը վերադառնալ Պոլսեն լուր ընդունելու ակնկալությամբ, իրոք յուր հույսերն ի դերև չելան. նամակ մ՚իրեն կսպասեր։ Ճանչցավ սիրելի անձե մի գծված տառերը, ուրախությամբ համակվեցավ, բացավ թուղթը անհամբեր ձեռամբ, ու թրթռացող