Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/294

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


կարծած ըլլալուն որդվույն երանությունը Դարեհյանի մի հետ։ Դյուրազգաց մայրն ինքզինքը յուր զավկին դահիճը համարելով անձեն կը խորշեր։

Ո՞վ արդյոք առավել ապերջանիկ էր, Սիրանո՞ւյշ թե յուր մայրը։ Բայց Սիրանույշ գոնե սա մխիթարությունն ուներ թե որդիական սուրբ պարտականություն մի կատարած էր․ մինչդեռ մայրն ընդհակառակն զավկին դժբախտության պատճառն ըլլալուն հաստատ համոզումն ուներ։ Այս գիտակցությունը, այս վիշտը ուժգին ներգործելով առողջության վրա՝ Տիկին Հայնուռ սրտի ախտիվ սկսավ ճարակիլ։

ԳԼՈԻԽ ԻԸ․

Երվանդ մտատանջության մատնված էր քանի որ անպատասխան կը մնար յուր վերջին նամակն որ այնքան հուզմունք ազդած էր Սիրանույշին։ Տարիե մ՚ավելի բացակայության միակ մխիթարությունը թղթակցության մեջ զտած էր, որուն կանոնավորությունն ոչ երբեք խախտած էր մինչև նույն օրը։ Եվ ահա երեք շաբաթ անցած էին և տակավին Սիրանույշեն լուր չուներ և ոչ իսկ յուր քրոջմե։ Միտքը կը տանջվեր այլ և այլ անախորժ ենթադրությամբ, սիրտը կր հուզվեր զՍիրանույշ դժբախտ պատահարի զոհ կարծելով. կը սարսափեր, ամեն ինչ մտքեն կանցներ բացի այն իրականութեն են որ զինքը պիտի ոչնչացներ։

Երվանդ ըստ յուր սովորականին ժամանակը նկարչության նվիրած էր, իսկ պարապ ժամերուն մեկ մասն Լեոնարտոյի ընտանյաց։ Ճուլիայի վիճակը բարվոքած էր այն ժամանակեն իվեր ուր յուր խոստովանությունն ըրած էր Երվանդին. և ասոր գորովալից վարմունքը կերպիվ իվիք զինքը գոհ կըներ, բայց ոչ երջանիկ քանի որ անոր սրտին բացարձակ տիրուհին չէր եղած տակավին։ Կը հուսար, կը սիրեր ու կապրեր։

Թշվառները միշտ երևակայական ցնորքով կը սփոփին, իրերը տարբեր կերպով կը տեսնեն, խոսքերը ուրիշ եղանակավ կը մեկնեն, շուքին մարմին կուտան վերջապես։ Նույնը կը հանդիպեր Ճուլիայի. ինչ որ պարզապես գթալից կարեկցություն էր՝ սիրո սկզբնավորություն կր համարեր. և այս