Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/306

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հայնուռ անսովոր պատվով ընդունած էր միշտ զփեսան։ Սա մեծ էր դիրքովն ու հարստությամբ, և այդ կը բավեր անտես ընելու համար բոլոր անոր սրիկայությունները։ Իսկ տիկին Հայնուռի ընթացքն թեև խիստ քաղաքավար էր, սակայն յուր վարմունքին մեջ լռին կշտամբանք մի կար զոր Դարեհյանն կզգար տեսակ մ՚անհանգստությամբ։ Լռություն կա որ առավել պերճախոս է քան զբարբառ, զի հոգվույն բոլոր դառնությունը մեկ նայվածքի խստության մեջ կամփոփվի։ Տիկին Հայնուռ հայեցվածքով կարծես համառ կը պահանջեր Դարեհյանեն կնոջը նկատմամբ պախարակելի ընթացքին համար։ Զայդ կիմանար անառակ փեսան և անհամբեր էր հույս տալու այդ նայվածքին ճնշում են, ինչպես և անհամբեր էր մանավանդ ժամանակը նվիրելու Ժանեթի։

ԳԼՈԻԽ ԼԲ.

Քանի որ որոշված էր որ Սիրանույշի բացակայությունը յուր տունեն բավական ատեն պիտի երկարաձգվեր տակավին, Ժանեթ բաղձանք հայտնած էր տիկին Դարեհյանի տեղը գրավել անոր ապարանին մեջ, արդյունավոր ընելու դիտավորությամբ յուր այցելությունը։ Պ. Դարեհյան ընդդիմացած էր նախ, բայց ապա անկարող ըլլալով դիմադրել այն կնոջ բուռն փափագանաց, այդ պախարակելի քմահաճության հպատակած էր անպատիվ կինը տանը մեջ զետեղելով։ Նախանձալից աչոք կը դիտեր Ժանեթ բոլոր այն շքեղություններն որք յուր շուրջը կը տարածվեին, և չէր ներեր Սիրանույշի անոնց բացարձակ տիրուհին ըլլալը, երբ ինքն երազած էր երբեմն անոր տեղ գրավելն։ Հոգվույն բոլոր զորությամբ կատեր զայն, և ամեն միջոց կը խորհեր անմեղ կինը Դարեհ յանեն հեռացնելու և անոր հաջորդ կանգնելու այդ ճոխ ապարանին մեջ։

Սիրանույշ յուր տունը վերադարձավ ուրեմն երբ ոչ ոք յուր գալստյան, կսպասեր։ Փողոցին դռնեն ներս մտնելով բարևեց զդռնապանն յուր սովորական մարդասիրությամբ, ու հարցուց եթե Պ. Դարեհյան տունն էր նույն միջոցին։ Ի պատասխանի այդ հարցման շվարյալ մարդը քանի մի բառ թոթովեց