Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/319

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որպիսի բերկրուկթյամբ ընդունեց զյուր սիրահարն հետ կարճատև բաժանմանցն, սիրահարն այն որ բոլոր յուր պարապ ժամանակները գրաված էր Դարեհյանի բացակայության ժամանակ։

Ժանեթ պատմեց երիտասարդին յուր ընդունած պարսավներն և կրած անզուսպ սրտմտությունը։ Գաղղիացին աշխատեցավ նախ այդ կնոջ բուռն զայրույթը հանդարտեցնել։ Բայց երբ Ժանեթ փոխանակ համոզվելու ընդ հակառակն հայտնեց յուր վրիժառության գաղափարն զՍիրանույշ անպատիվ ներկայելու ամուսնույն առջև, և պարզեց անկե հետևելիք նյութական արդյունքն, հայնժամ Ալֆոնս խոսելու եղանակը փոխելով՝ անձը պատրաստ դավանեց՝ ի նշան սիրո կնոջ վրեժը լուծելու, քանի որ, կըսեր, այնչափ նախանձախնդիր էր այն մասին։ Այդ խոստման մեջ Ժանեթ վսեմ անձնվիրության ապացույց մի կը նկատեր, մինչ երիտասարդը նոր ոսկիներ գրպանելու երազ կը տեսներ։

Երկու ճիվաղներ սև կարգադրություններ ըրին անարատ և սուրբ կենաց մի նոր վշտեր հատուցանելու համար։

Մեկը ինչպես և մյուսը շատ մի անգործադրելի խորհուրդներ ընելեն և զանոնք մեկ կողմ թողլեն վերջը, Ալֆոնս նոր գաղափար մ՚ունեցավ զոր Ժանեթի քննության ենթարկեց։

Կառաջարկեր անօրեն բախտախնդիրը զՍիրանույշ զգլխել սիրահարի դերը խաղալով, և զինքը խայտառակելով ամուսինեն բաժանել։

Բայց Ժանեթ վախենալով թե այդ կեղծ սիրահարությունը գուցե իրականության կը փոխվեր, ընդդիմացավ խստիվ, մանավանդ որ Սիրանույշի գեղեցկությունը զարմանք ազդած էր իրեն։

— Գիտես, Ալֆոնս,— կըսեր գաղղիացի կինը,— որ վրեժխնդրությունս մեծ է Դարեհյանի կնոջ նկատմամբ, բայց զգացումս քու նկատմամբ անհուն է։ Կրնա այդ կինն զքեզ գրավել, ինչպես գրավեց երբեմն զԴարեհյան։ Զայն կորսնցնելով ոսկվո կորուստ մ՚ըրի միայն. իսկ եթե զքեզ կորսնցնեմ անձս կսպաննեմ։

— Ի՞նչպես կրնաս մտածել թե որևէ կին քու պատկերդ կըրնա հոգիես ջնջել իրենը զետեղելու համար, երբ անձդ, կիրքերդ