Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/325

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ես այդ մարդուն իմացուցի կերպով մի որ եթե գլխուն փորձանք շուղեր բերել, այս տեղերուն շատ չմոտենա։ Անկե վերջը հեռվեն կանցներ և ես ըսելիք չունեի։ Բայց երբ սկսավ նորեն երեսը ցուցնել շատ մոտեն՝ ու պարտիզին պատին վրայեն վար ծռելով հոս նայիլ, կամաց-կամաց գնացի ու օձիքեն հանկարծ բռնելով զինքը պիտի խեղդեի, բայց նա սարսափելով խոսք տվավ ինձ մեյ մ՚ալ այս կողմերս չգալու։

— Բայց ե՞րբ պատահեցավ այս դեպքը, Մելքո՛ն։

— Դուք ծովեզերյա տունն էիք, տիկին, նույն ժամանակին:

— Միշտ այսպես հավատարիմ եղիր մեզ, և անշուշտ վարձատրությունդ կստանաս։

— Մի՛ կարծեք, տիկին, թե ես ձեր վրա հսկելե մեկ վայրկյան կը դադրիմ․ նույն բանը կընեն և մեր պահապան պարտիզպանները։ Արդեն, տիկին, իմ տերս այս տեղերուն վրա հոգ տանելու պարտքը ինձ թողած է, և եթե զայդ ուրիշի հանձներ, այնչափ ծանր կը թվեր ինձ որ ինքզինքս կսպանեի։

Սիրանույշ գրպանեն քանի մի ոսկի հանելով Մելքոնին տվավ ի վարձատրություն յուր կարծեցյալ ծառայության։

— Աստված կյանք տա ձեզ, տիկին, և նույնպես մեր տիրոջը,— ըսավ Մելքոն, քծնող կերպարանոք, և ծռեցավ տիրուհվույն ձեռքը համբուրելու համար։ Բայց Սիրանույշ այդ խոնարհության նշանը չընդունելով ձեռքը քաշեց ու հեռացավ:

Երիտասարդ կինը ապահովված էր կատարելապես քանի որ յուր վրա այդպիսի հսկողություն մ՚ըլլալը կը կարծեր։ Ահա Մելքոն կատարած էր ինքնահորդոր, կը մտածեր, ինչ որ ինքը չէր համարձակած առաջարկելու իրեն՝ այսինքն այդ անծանոթ մարդը վանելու փորձը փորձել։ Չէր հանձն առած, որևէ դիտողություն մ՚ընել օտարականը հեռացնելու համար խորհելով թե գուցե սինլքորի մի հանդիպելով կրնար աղմուկ հարուցանել որ գայթակղություն պատճառել։ Բայց լռին կուրախանար թե Մելքոնի նախատեսությունը յուր չափազանց երկչոտության կրցավ հաղթել։