Jump to content

Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/326

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Գլուխ Խ․

Երվանդի բորբոքած երևակայությունը սաստիկ հարված մ՚ընդունելով Լեոնարտոյի մահվամբ։ Ծերունվույն անկենդան մարմինն աչացն առջև էր շարունակ, և թվեր իրեն թե նա անեծք կը կարդար անընդհատ յուր վրան։

Օր մի ուզած էր՝ ըստ յուր սովորականին, Ճուլիայի գերեզմանին մերձենալ ծաղիկ սփռելու համար անդ. բայց սոսկմամբ ետ քայլած էր կարծելով թե սրտմտյալ հայրը զինքը կը վաներ իրենց մահվան անդորրն ևս յուր ներկայությամբը չվրդովելու համար։ Սիրույն անշեջ հուրն և երևակայության հուզյալ վիճակն ի խոր ներգործեցին քայքայալ առողջությանը վրա, զինքն իբր ցնորյալ մարդ հանդիսացնելով:

Անկարող էր վրձին շարժելու, ինչպես և անկարող ուրիշ որևէ աշխատությամբ պարապելու. իբրև թափառաշրջիկ փողոցաց մեջ կերթևեկեր առանց ըրածն զգալու։ Երեք անձինք յուր մտածությանց մշտատև առարկաներն էին, այսինքն Սիրանույշ, Ճուլիա և Լեոնարտո. միտքն անոնցմով գրավված էր լիովին։ Մերթ կը կարծեր թե Սիրանույշ յուր ստացվածքն էր տակավին, ու անոր կը ժպտեր անհուն գորովով, երբ հանկարծ յուր առջևը կը տեսներ Ճուլիայի սգահար դեմքը ցավով վարագուրած որ զինքը կը հանդիմաներ, մինչ Լեոնարտո ծնրադրած տապանի մ՚առջև զինքը մարդասպան կանվաներ։ Երևակայության այս մշտատև բորբոքումը վերշապես Երվանդին միտքը ցնորեցուց։

Վիրճինիո՝ ճշմարիտ բարեկամության անկեղծությամբ ու անձնվիրությամբ ամեն խնամք հայթայթեց անոր։ Բայց բժշկաց հորդորանացն համեմատ հիվանդանոց փոխադրելով հիվանդը՝ ոչինչ խնայեց որպեսզի լավ դարմանվի և ամեն հանգստություն վայելե։ Հիվանդանոցի մեջ կանցըներ յուր ազատ վայրկյանները, և հոն մտերմին մոտ կը կենար որչափ որ ախտացելոց հարկին կանոնները կը ներեին զայդ նմա:

Վերջապես Երվանդ լավագույն խնամքները վայելելե վերջ՝ փառք Վիրճինիոյի անդուլ հսկողության, երկու ամսե վերջը առողջացած էր, զի մտացը խանգարումը ջղային սաստիկ ցնցման հետևանք էր միայն, և ոչ թե ուղեղի հիվանդության։