Jump to content

Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/328

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չի կրնար ըլլալ․ բայց իրեն պետք է որ հանդուրժես յուր տանը մեջ մուտք գտնելու համար։

— Եվ ո՞վ կապահովե զիս թե այդ մարդը թույլտվություն պիտի ընե զՍիրանույշ տեսնելու, եթե իմանա մեր համակիր հարաբերությունները։

— Բայց այդ ընտանեկան գաղտնիք մ՚է զոր Սիրանույշ կրնա ծածկել յուր ամուսնեն առանց բնավ խղճմտություն ընելու։

— Այլ ի՞նչ բանի կը ծառայե ինձ տեսնել զայն որ իմս ոչ ևս կրնա ըլլալ։

— Ի՞նչ կըսես, Երվանդ։ Ես մատնվեցա, սրտիս մեջ բուռն ատելություն կզգամ այն անօրենին դեմ որ այսօր ուրիշ մարդու անունը կը կրե, և հանդերձ այսու՝ համոթ իմ կը խոստովանիմ, որ մեծ է փափագս զինքը տեսնելու թեև խույս կուտամ իրմե։

— Եվ դու կը կարծես թե կյանքս չէի՞ զոհեր Սիրանույշս տեսնելու համար։ Բայց այն մյուս կերպարանքն որ կից է իրեն, սարսուռ կազդե ինձ։

— Թերևս հնարավոր ըլլա քեզ տեսնել մին առանց մյուսույն։

— Դու չես ճանաչեր տակավին թե Սիրանույշ ի՛նչ առաքինության հրեշտակ է։ Զոհեց զիս յուր մորը, կը զոհե նաև յուր պարտականությանը, վստահ եղիր։ Ապահով եմ որ նա անկարող է զիս մոռնալու, բայց անկարող է միանգամայն յուր խիստ սկզբանց անհավատարիմ ըլլալու։ Ոհ, երանի թե այնչափ առաքինի չհանդիսանար և ոչ այնչափ մայրասեր, որով երջանիկ կըլլայինք արդ։

— Ուրեմն կը մերժե՞ս հօգուտ նկարչական տաղանդիդ միակ բարիքն որ մնաց քեզ արդ, երթալ, կազդուրվիլ հայրենի երկնից ազդեցությամբ։ Կը մերժե՞ս տեսնել սիրականդ՝ որ գուցե զքեզ իզուր կր կոչե թե արթուն և թե ի քուն։ Կը մերժես անոր մխիթարություն մի պարգևել, զինքն ոգևորել մեկ խոսքովդ ու մեկ նայվածքովդ մինչ նա թերևս անհավատարիմ կը կարծե զքեզ։ Չե՞ս ուզեր որ նա յուր շունչովն արծարծե քու նվաղյալ հանճարդ։ Ըսե՛, Երվա՛նդ, երե՞ս կը դարձնես