կրից սաստկութենեն։ Առաջին կետին մեջ տգիտություն կա, իսկ երկրորդին՝ չարություն. մին ակամա չարիք մ՚է, մյուսը կամավոր։
— Հորդ ակամա չարիքը, Սիրանո՛ւյշ, նույնչափ աղետալի եղավ մեզ որչափ կամավոր մեծագույն թշնամանքը։
— Այդպես է իրոք։
— Նա հափշտակեց ինձմե ինչ որ կյանք, լույս, հանճար էր հիս, թափառական աննպատակ ուրվական մ՚ընելով զիս, մինչդեռ կրնայի երջանիկ ըլլալ, սերս ու տաղանդս վայելել և կուզե՞ս որ այդ մարդը չատեմ, ու այդ մարդուն դեմ անեծք չարձակեմ։
— Լռե, եթե կը սիրես զիս պետք է հայրս հարգել։
— Հարգե՜լ, ե՞ս։
— Տես, մի՞թե ես նվազ դժբախտ եմ քան զքեզ։ Նայե բանտիս,— ըսավ, յուր բնակատեղին ցույց տալով․— դիտե՛ բանտապաններս, — ավելցուց, աշխատող պարտիզպանները մատնանիշ ընելով։— Հոգիս որ սեր և ազատություն կը շնչեր, արդ զուրկ է մեկեն և մյուսեն։
– Ոհ, Սիրանույշ։
– Դու ազատ ես շրջելու, արտասվելու, գործելու կամ չգործելու, երևալու կամ չերևալու, բայց ինձմե համառ կը պահանջվի շարժմանցս, արտասվացս, գործոցս և բացակայությանցս վրայոք, քանի որ ընկերության օրենքը տեր մի տված են ինձ։ Ես կապբիմ մարդու մի հետ զոր չեմ սիրեր, բայց որուն ամեն պատիվ և ամեն խնամք պարտական եմ նվիրելու։
— Արհամարհանք կը պարտիս անոր և ոչ թե պատիվ։
– Դու կապրիս հիշատակներովդ միայն, երբ իմ բոլոր տեսածներս, լսածներս հակառակ են զգացմանցս ճաշակացս և գաղափարացս․ այսու հանդերձ կը համակերպիմ նսեմ բախտիս և կըսեմ «Այս է կյանքը»։ Մեն մի մարդ տառապանաց բաժին մ՚ունի. իմս ծանրագույններեն է, ու պիտի ընկճիմ անշուշտ բեռիս ներքև․ բայց կյանքն ըստ ինքյան պարտություն մ՚է որ կը հանգի գերեզմանին, և գերեզմանը իմ հանգստյան կայանս պիտի ըլլա։