Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/366

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Հայերն իրենց փառք կը համարին լռությամբ պատասխանել նախատանանց։ Որչափ նախատինք մ՚անխոս մարսվի, այնչափ իրենց համբերատարության և արժանապատվության ի նպաստ գործած կըլլան։ Բայց չէ այդպես եվրոպականաց կամ եվրոպական ոգվով սնած անձանց համար։ Փոքրիկ նախատինք մի կենաց և մահու խնդիր կըլլա, մինչդեռ զայն անխոս տանիլը վատության նշանակը համարվի։ Երվանդ որ եվրոպական դաստիարակություն մ՚առած է, տեսնելով որ լիրբ օտարական մի հանգստությունս կը վրդովեր՝ ուզեց անոր դաս մի տալ։

— Բայց ինչո՞ւ ուրեմն այդ օտարականը ըսեր է թե «Պ. Դարեհյան շատ երջանիկ ըլլալու է կնոջը սրտին այդպիսի սիրուն ընկեր մի ունենալով»։

— Այդ կատարելապես սուտ է,— գոչեց Սիրանույշ, աչերեն բոց արձակելով։— Պատմեմ քեզ եղելությունը։

— Մտիկ կընեմ։

— Քիչ ժամանակե իվեր անծանոթ մարդ մի, զոր եվրոպացի ըլլալը կը մակաբերեմ, այդ տաղավարին շուրջը կը դառնար. տեսա զինքը բայց անտարբերությամբս արհամարհեցի։ Օր մի հանդգնեցավ միչև նստած տեղս նամակ մի դնելու հայնժամ բնավ մարդու մի երկյուղս չհայտնելով՝ թողուցի այս վայրը ու վարի տունը իջա։ Մեծ զոհ մ՚էր այդ ինձ համար, ուստի վերադարձա հոս կրկին՝ հսկողություն պատվիրելով Մելքոնին։ Սա զիս ապահովեց թե ոչ երբեք պիտի տեսնեմ այդ օտարականը վերստին զոր ինքն ևս դիտած էր, և որուն ցույց տված էր բազկին ույժը, կըսեր։

Այսօր Երվանդին հետ նստած երբ կը խոսակցեինք, լսեցի ոտքի ձայներ, գուշակեցի ինչ ըլլալը, եղածն Երվանդին իմացուցի։ Եվ երբ հաստատեցինք թե այդ անծանոթ մարդն եկած էր դարձյալ բնակարանիս շուրջը թափառիլ, Երվանդ զինքը հանդիմանեց, որով նա սպառազեն անոր վրա հարձակեցավ։ Ես այս տեսարանեն սարսափած խնդրեցի Երվանդին որ վերջ տա կռվույն, և ապա կերևա թե նվաղեցա։ Երվանդին թևը վիրավորելով անոր արյունը հագուստիս վրա վազեց մինչ նա կը ջանար զիս սթափելու։

— Ո՞ւր էր Մելքոն նույն միջոցին։