– Կոչեցի զինքը առանց բնավ պատտասխան առնելու. կըսեր թե բացակա էր։
— Բայց ինչո՞ւ բնավ բան մի չհայտնեցիր ինձ այդ օտարականին վրայոք։
– Ե՞րբ դու փույթ ըրիր արդյոք ներքին վիճակս ճանաչելու։
– Ինչ որ անվանս կը վերաբերի՝ իմ պատիվս է, չգիտե՞ս զայդ արդյոք։
– Ոչ զոք։ Դարեհյան, առավել նախանձախնդիր կը համարիմ պատվույս քան նույն իսկ իմ անձս։ Զարմանալի կը թվի ինձ սա կետը թե դու քո պատիվդ ոտնակոխ կընես, նվաստ և արհամարհելի հարաբերությանց մեջ ապրելով առանց բնավ խղճմտություն ընելու։ Եվ երբ գործը իմ պատվույս կը վերաբերի զարմանալի դյուրազգացություն կը հայտնես այդ մասին։
— Չգիտե՞ս դու արդյոք թե այր մարդն ազատ է և թե անոր վրայեն արատը կը սահի աներևույթ ըլլալով, մինչ կնոջ վրա անջնջելի կերպիվ կը դրոշմվի։
- Այսինքն կուզես հաստատել թե արք այնչափ վարժ են ստելու, ուխտադրուժ հանդիսանալու, արատավորելու ապականյալ մթնոլորտի մեջ, որ իրենք անբարոյականության սև հատակ մի ձևացնելով որևէ խավար կետ աննշմարելի կը մնա հոն։
— Բայց չըսես ի՞նչ են կանայք. մի՞թե նույնչափ ապականյալ չեն անոնք, մի՞թե նույնչափ խարդախ և ուխտադրուժ չեն արդյոք։
— Եթե կատարելապես ձեզ կը նմանին կանայք ինչո՞ւ ուրեմն այդչափ խիծ ու բիծ կորոնեք անոնց ընթացքին մեջ։ Կամ խոստովանեցեք թե անոնք անհամեմատ կերպիվ կը տարբերին ձեզմե բարոյականության ու վսեմ զգացմանց մասին և կամ եթե ձեզի պես հավասարորեն աղարտյալ են, զիրենք դատապարտելե դադրեցեք։
—Կանայք մոլորության գործիք են մեզ համար։
-Ո՞ւր է ուրեմն ձեր զորությունը եթե անկարող եք դիմադրել անոնց հրապուրանաց։ եթե կընկճիք անոնց առջև ուրեմն չեք զորավոր սեռը, ինչպես կանվանեք զձեզ։