էին հեգ կինը. անկավ բազմոցին վրա, և զՄարիամ կոչելով անոր խնամքը խնդրեց։
Դարեհյան հանձնարարեց զյուր կինն աղախիննեբուն, և Մելքոնին իմացուց թե զինքը պատասխանատու կը համարեր որևէ անախորժ դիպվածի համար որ կրնար պատահիլ մինչև օրն այն հորում Սիրանույշ վերջնական կերպիվ պիտի կարողանար փոխադրվիլ ծովեզերյա տունը, զի այդ տաղավարը ոչ ևս ապահովություն կազդեր իրեն։
Մելքոն տիրոջը դժգոհ կերպարանքը նկատելով կասկած ունեցավ թե մեղսալից ընթացքը գուցե լավ հետևանք չունենա, և նեղանալով գոչեց. «Կանայք սատանաներուն քույրն են. Աստված ազատե մարդն անոնց լեզվեն»։
Դարեհյան կնոջմե հեռանալով անոր ըրած ազդեցությունն հետզհետե տկարացավ։ Սկսավ խորհիլ, վարանիլ․ Սիրանույշի համարձակ խոսելու եղանակն անկեղծությանը վրա տարակույս չէր թողուր։ Բայց յուր հավատարիմ Մելքոնը բոլորովին տարբեր պատմություն մ՚ըրած էր իրեն անցյալ դեպքերուն վրա։ Կը մտածեր թե այդ մարդն ի՞նչ շահ կրնար ունենալ զյուր տիրուհին արատավորելու քանի որ անոր բարությունները կը վայելեր և այդ մատնությամբը անոր առատաձեռնություններեն պիտի զրկվեր։ Ստախոս մի կար, բայց ո՞վ էր, Սիրանույշ թե Մելքոն։ Յուր կինը ամեն շահ ուներ ճշմարտությունը ծածկելու, իսկ Մելքոն ոչ միայն առավելություն մի չուներ, այլև վնաս կը կրեր խոստովանությամբ։ Ուրեմն Սիրանույշ ըլլալու էր հանցավորը, և սակայն ի՜նչ կորով խոստովանությանը մեջ, ի՜նչ համարձակություն սերը հայտնելու մեջ։
Այս անորոշության մեջ կը ծփար նա երբ հրաման ըրավ որ Մելքոն գա ներկայանա։
— Եկավ սպասավորը կեղծ խոնարհությամբ կայնեցավ տիրոջն հանդեպ, ձեռքերը կուրծքին վրա դրած, և աչերը գետինը բևեռած։
— Մելքո՛ն,— ըսավ Պ. Դարեհյան,— քու պատմածդ տիկնոջ ըսածներուն հետ բնավ հարաբերություն չունի։