Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/379

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ԳԼՈՒԽ ԾԹ

Նավակը անձուկ Վոսփորեն ելած՝ Մարմարայի ընդարձակ ջուրերուն մեջ էր մտած։ Երվանդին ձախ կողմը Յուսկյուտարի լեռներուն գագաթները կը ծածանեին լուսնին երերուն շողին ներքև. իսկ աջ կողմը պալեոլոգներուն անցյալ փառաց ավերներն իրմե խույս կուտային, մինչդեռ Մարմարայի ծովն ևս քան զևս ազատորեն կը տարածվեր յուր առջև։

Այդ լեռները կարծես թե հետզհետե կը խոնարհեին առավել մոտ են վայելելու համար ծովուն զովությունը, ինչպես և անոր մելամաղձոտ մրմունջը և կամ վայրագ մռնչյունը։

Մարմարայի վրա նայող ձախակողմյա դարատափի մի վրա՝ կանաչ ծառոց մեջ տեղեն ճերմակ կետեր ցիր ու ցան կերևային, որք թվեին ճերմակ ուրվականներն անոնց՝ որք հողին ներքև կը կննջեին. անգլիացվոց հետին հանգստարանն էր այդ։

Ղրիմու պատերազմին առթիվ երբ անգլիացիք և գաղղիացիք ձեռնտու եղան օսմանյան տերության ռուսաց դեմ կռվելու համար, Սեվաստոպոլի նվաճումը տեղի ունեցավ բազում քաջաց կենաց զոհովը։

Տաճիկը կը մարտնչեր այն զարմանալի քաջությամբ զոր կազդեն ճակատագրին անփոփոխելի տնօրենությանը վրա ունեցած հավատքը, ու ճակատամարտի նահատակությանց փոխարեն վայելելիք հավիտենականությունը։ Երբ ամեն երկրային նկատմունք կը դադրի ի մարդ, գրեթե գերբնական էակ մի կըլլա նա. ու կը մեռնի պատերազմ ի դաշտին վրա՝ անփույթ յուր մարմնույն տառապանաց ու վիրաց, մարտիրոսի մ՚ույժ կզգա, կը կարծե հավիտենական վայելքը ճաշակել երկրեն իսկ։

Գաղղիացի զինվորը կը կռվի այն աննման հրով, պատվասիրությամբ և քաջությամբ, զոր կազդե հայրենյաց խանդը դյուրագրգիռ և ազնվական երևակայությանց վրա։

Իսկ անգլիացին անշարժ կը դիմադրե հարձակման, և կը հարձակի այն աներկյուղ համառությամբ զոր պարտականության զգացումը կարտադրե. և այդ դյուցազնական համառության