Jump to content

Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/390

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ստո՞ւյգ է ուրեմն որ Սիրանույշ անվանս անպատվություն բերավ։

— Ես ներկա չէի ստուգելու համար զայդ, միայն իմացածս կը հաղորդեմ քեզ։ Թեև կնոջդ ոխերիմ թշնամին եմ՝ զայդ լավ գիտես, հանդերձ այսու չէի ուզեր որ այս եղանակավ վրեժս իրմե լուծեի, քանի որ դու հեգնության նյութ կըլլաս։ Սերս այնչափ մեծ է քեզ նկատմամբ որ նախապատիվ կը համարեի ատելությանս առարկային բարձրահոն կանգնիլը քան թե քու խայտառակվիլդ տեսնելն հասարակաց կարծյաց առջև, զի կնոջ մի անառակության ամոթն ամուսնույն վրա կանդրադառնա։ Բայց դու անշուշտ անցած գացածը գիտես, քանի որ մեծ կռիվ ծագեր է ու այդ գայթակղական դեպքը վկաներ ևս ունեցեր է։

— Անօրեն կինն ըրածին պատիժը պիտի ընդունի, հանգիստ եղիր, Ժա՛նեթ։

— Եվ չընդունեցա՞վ տակավին, չվանեցիր զինքր դեռ, քու հարկիդ ներքև՞ է մինչև ցարդ, ու կը վայելե անունդ, փառքդ, չըսեմ պատիվդ։

— Չվանեցի զինքր վասնզի համոզիչ խոսքերով յուր անմեղությունն ուզեց հաստատել։ Ես հարկադրեցա հավատալ իրեն վասնզի չէի հուսար թե սուտին այնպիսի բնական կերպարանք մի կրնա տրվիլ անձե մի՝ որ պատվավոր ընտանյաց զավակ է։

— Չարը ծածկելու կարող անձը ճարտար կըլլա կեղծելու։

– Իրավացի է ըսածդ կը տեսնեմ։

— Ես սրտի հոդերով կապված եմ քեզ և ոչ թե օրինավորապես. հանդերձ այսու ոչ երբեք կարող կըլլայի այնպես վատաբար խաբել զքեզ, թեև ոչ անվանդ ժառանգորդ եմ և ոչ փառացդ մասնակից։

— Վասնզի ազնիվ հոգի մի կը կրես դու։

— Եթե հնարավոր ըլլար ինձ, Դարեհյա՛ն, զքեզ սիրելե դադրիլ՝ նույն օրն իսկ կը դադրեի ևս շնորհքներդ ընդունելե: Մեկ կողմ են ընդունիլ և մյուս կողմ են մատնել՝ այդ անսիրտ և անպատիվ կնոջ ընթացք է։

— Ապերախտության հրեշի՞ մի հետ կապրիմ եղեր ես ուրեմն։