Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/389

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


զինքը. բայց ստույգ է ոբ նա ամեն քնքուշ ձև և աղու կերպարանք կառներ զինքն ընդունելու ժամանակ, եթե շարժառիթ մի չունենար խոժոռադեմ ձևանալու իբր թե նախանձե շարժյալ, և կամ վշտաբեկ երևնալու նորաստեղծ քմահաճության մ՚անկատար մնալուն համար։ Մեն մի րոպե նոր դեր մի կարտադրեր Ժանեթի՝ նույն պահուն ունեցած բաղձանացն համեմատ։ Նա ձևը, ձայնը, նայվածքը, շարժումը կայլակերպեր նույն դյուրությամբ որ ուրիշ մի զգեստ կը փոխեր։ Սուտն իրեն բնություն եղած էր, և սուտը բազմադիմակ է։

Հետևապես նույն օրը Ժանեթ այն գութը կը հայտներ Պ. Դարեհյանի, որով մայր մի կընդունի զյուր վշտաբեկ որդին։ Զեռքը բռնեց անոր, և զայն յուր ձեռաց մեջ պահելով, ու անձին վշտակցության գույն մի տալով, «Տխուր ես այսօր» ըսավ, մասնավոր ակնարկ մ՚ուղղելով անոր։

Դարեհյան կը վայելեր այդ համակրական ձևերն առանց պատճառն ըմբռնելու, և առանց բացորոշ պատասխան մի տալու։

— Կըմբռնեմ տհաճությունդ,— կրկնեց խորամանկ կինը։

— Ի՞նչ տհաճություն, Ժա՛նեթ։

— Զարմանալի՜ հարցում։ Կրնա՞ս դժգոհություն և տրտմություն չզգալ երբ անունդ այնչափ եպերելի ըրավ կինդ երեկ ու ամեն հեգնությանց առարկա։

— Ինչպե՞ս, լուրր տարածվա՞ծ է արդեն,— հարցուց Դարեհյան զարմանալով։

— Եվ կը հարցնե՞ս։

— Բայց դու ինչպե՞ս այսպես շուտ իմացար։

— Այս առավոտ բարեկամուհին երես մին եկավ և պատմեց այն հետաքրքրական տեսարանը զոր կինդ ներկայացուցած է աչացն նորեկ գաղղիացի երիտասարդի մի. սա պատահմամբ լեռներուն վրա շրջագայած ժամանակը մինչև պարտիզիդ ցած որմերուն մերձեցած էր, և ներսն ակնարկ մի նետելով այնպիսի հետաքրքրական և սիրահարական դեպքի մը վկա է եղեր որ զինքն զարմացմամբ պաշարեր է։

— Գիտե՞ս անուն այդ գաղղիացվույն։

— Ոչ, քանի որ կը ծածկեն այդ անունն ամեն զգուշությամբ։ Սա չափը գիտեմ թե խիստ երևելի անձ մ՚է։