Jump to content

Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/392

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ջանաց մոռցնել տալ յուր վիշտը Պ.Դարեհյանի սրտին ծանրությունը սփոփելով, ու անձնվիրության և գորովո կրկին և կրկին ապացույցներ տալով։ Զինքը մատնված համարող ամուսինը երջանիկ կը համարեր զանձն յուր այսպիսի ընտիր հոգվո մի հանդիպած ըլլալուն՝ ի մխիթար կնոջը նենգությանց։

Այս նենգող կնոջ դյութիչ խոսքերուն բավական ժամանակ խաղալիք ըլլալե վերջը՝ մեկնեցավ վերջապես Պ. Դարեհյան ու յուր տունը վերադարձավ, անհամբեր ըլլալով կնոջն արժանավայել պատիժը մատուցանելու համար։

ԳԼՈԻԽ ԿԳ.

Պ. Հայնուռ աղջկանը այցելության կուգար նույն միջոցին որ յուր փեսան դոնեն ներս կր մտներ՝ հետ այն խոսակցության Ժանեթի հետ՝ որուն ունկնդիր եղանք արդեն։

— Հարմար ժամանակին կուգաք,— ըսավ սրտմտյալ ամուսինը յուր աներոջը․— ես ալ իմաց պիտի տայի ձեզ թե հետներիդ տեսնվիլ կուզեի:

— Պատրաստ եմ ձեզ ունկնդիր ըլլալու,— պատասխանեց Պ. Հայնուռ, յուր փեսին հաճոյանալու ձևով, թեև նշմարեց անոր երեսին վրա դժգոհության նշան մի։

Երկուքը միատեղ վեր ելան մարմարիոնե սանդուղներե, մտան փառավոր սենեկի մի մեջ, նստան, քաղաքավարական փոխադարձ պատշաճողական ձևերը կատարեցին, վասնզի անոնց հարաբերություններն առավել պաշտոնական էին քան թե մտերմական, հետո Պ. Հայնուռ աղջիկը չտեսնելով հարցուց.

— Ո՞ւր է Սիրանույշ։

– Երեկ անհանգիստ էր, բայց այսօր ինչպես ըլլալը չգիտեմ։

Այլայլեցավ աներն. հիվանդության պատճառը հարցնելով և տեղեն հանկարծ ելնելով «Երթանք զինքը տեսնելու» ըսավ։

- Ձեր դուստրը յուր տաղավարը կը գտնվի. երթանք հոն