Jump to content

Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/393

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

եթե կը հաճիք, և դուք անձամբ կրնաք անհանգստությանը պատճառն հարցնել իրեն։

Այլագունեցավ Պ. Հայնուռ ու լռեց, կասկածելով թե տհաճո վեճ մի ծագած էր երկու ամուսնոց մեջ, և բնավ հարցում չըրավ յուր փեսին։

Երկուքն ալ չէին խոսեր։ Ճամփա ելան, անցան պարտիզին մեջեն, ու հասան Սիրանույշի բնակարանը։

Մանկամարդ կինն յուր հայրը հեռվեն տեսնելով բնավ գոհ չեղավ, քանի որ գիտեր անոր հակակրությունն Երվանդի դեմ, և չէր ուզեր որ նա ներկա գտնվի այն բացատրությունը զորս կենթադրեր թե պիտի պարտավորեր տալու վերստին, վասնզի լավ կը հասկնար թե խնդիրը լուծված չէր ամուսնույն և իրեն մեջ տեղ: Բայց ոչինչ հայտնեց, և տակավին տկար ըլլալով, միայն մինչև նստած սենեկին դռան առջև գնաց հորն ընդառաջ, ու ամուսնույն ժանտ կերպարանքը նկատելով գուշակեց թե մոտակա փոթորիկ մի կը պատրաստվեր:

Անմիջապես որ հայրը զյուր աղջիկը տեսավ, հետախուզիչ ակնարկով մ՚ուզեց անոր դիրքը հասկնալ։ Բայց երիտատասարդուհվույն մեծանձն և արժանավայել ձևը նկատելով՝ մեծ սփոփանք մ՚ստացավ, և հարցուց միայն անոր թե ինչո՞ւ այնպես գունատ էր կերպարանքը, և թե ինչո՞վ կը տառապեր:

– Զարմանալի և անակնկալ դեպքե մի հուզվելով հիվանդացա,- պատասխանեց նա:

– Կպա՞տմես այդ դեպքերն,- ըսավ Պ.Դարեհյան, հեգնելով զնա:

– Ինչու՞ չպատմեմ,- պատասխանեց կինն հպարտ եղանակավ:

– Միայն թե հորդ նկատմամբ առավել անկեղծ կըլլաս հուսամ քան ինչ որ եղար ինձ համար:

– Ինձ համար մեկ անկեղծություն կա, և նույնը կը գործածեմ ամենուն նկատմամբ,— պատասխանեց Սիրանույշ խրոխտ դիմոք:– Ինչ որ ես քեզի պատմեցի անցելույս վերաբերյալ՝ նույնը հայրս կրնա հաստատել։

– Ի՞նչ անցյալ, աղջիկս,- հարցուց հայրը այլագունելով: