Տակավին քիչ մի դրամ ուներ որով կարող էր այդ տեղափոխությունն ընել և քիչ մի ժամանակ ապրուստի միջոց հայթայթել զավակացը:
Մարդկությունը միայն սև կետերե բաղկացյալ չէ բարեբախտաբար, այլ լուսավորք ևս կը փայլին հոն, իբրև աստղունք գիշերվան մեջ: Այնպիսի հոգիներ կան որք համայն սիրտ են՝ այսինքն կարեկցություն և գութ. կը սիրեն զտառապյալ մարդկություն յուր ամեն վիճակին մեջ, առանց որոնելու եթե դժբախտությանց պատճառները դատապարտելի են, և առանց ամենուրեք սև բիծեր գտնելու ջանդրությամբ: Կը սիրեն տառապյալը վասնզի անոր հոգին կարյունի ու կենաց մարտիրոսն է: Ի՞նչ փույթ և մարտիրոսության պատճառն անոնց: Անկյալին ձեռք կը կարկառեն, տկարին նեցուկ կըլլան, և վիրավորելույն սպեղանի: Եթե քսակնին ոսկի չպարունակե՝ գոնե իրենց սիրտը սիրո շող մ՚ունի, և իրենց աչքը գթության արտասուք մի:
Պ. Սարգսյան մարդկային գոհար մ՚էր, գութ էր, սիրտ էր: Համայն սեր էր երիտասարդության մեջ, համայն սեր մնաց ծերության մեջ: Ինքն ընտանիք չուներ, բայց մարդկությունը յուր ընտանիքն էր: Դժբախտներն ազգություն չունեին իրեն համար, ամենքը եղբայր էին, և ինքն անոնց հայրն էր: Մինչ հարուստ էր աղքատաց ու թշվառաց ոսկի և սեր բաշխեց․ և երբ ոչ ևս ոսկի ուներ մատուցանելու՝ սիրտը մնաց նվիրելու:
Երբ Պետրոսյանք իրեն պետք չունեին, սակավաթիվ էին Պ. Սարգսյանի այցելություններն անոնց։ Բայց երբ տեսավ տիկին Պետրոսի հուսահատ վիճակը՝ մոտեցավ անոր, զինքը մխիթարեց, առաջնորդեց, և յուր ծառայությունները մատույց: Գնաց Վոսփորի զանազան գյուղերը հարմար տնակ մի գտնելու, և վերջապես հետ բավական աշխատության հաջողեցավ Յենիքյոյի մեջ երկու սենյակով փոքրիկ խրճիթի նման բան մի ձեռք ձգելու։ Օգնեց տեղափոխության, զետեղեց ընտանիքը, և հսկեց անոնց վրա իբրև ճշմարիտ հայր:
Արմիսներ անցան և Պետրոսյանց ապրուստի աննշան միջոցները