կսպառեին։ Մայրն անկարող էր գործելու անդամալուծության պատճառավ։ Իսկ Մարիամն մորն և տանը հոգատարությամբ զբաղյալ բնավ ժամանակ չուներ որևէ ուրիշ աշխատությամբ պարապելու։
Պ. Սարգսյան կը տեսներ այս ողորմելի վիճակն թշվառ ընտանյաց առանց սակայն մեծ դարման մ՚ընելու, զի յուր դրամական վիճակն ևս խիստ սահմանափակ էր։
Օր մի խիստ տագնապալի եղավ Պետրոսյանց կացությունը, քանի որ բնավ դրամ մի չկար տանը մեջ։ Թեթև ակնկալություններ կային քիչ մ՚արծաթ ընդունելու պարտատերե մի. բայց ե՞րբ իրականություն պիտի ստանային այդ հույսերը։
Դրացիները տեղյակ էին արդեն իրենց տխուր պատահարաց, ու թեև բացարձակապես ոչինչ կըսեին, սակայն Պետրոսյանց ներկայությունը միշտ կասկածելի և անախորժ փսփսուքներու տեղի կուտար, որով որևէ սերտ հարաբերություն անկարելի կըլլար։ Չունեին բարեկամներ և ոչ իսկ գրեթե այցելուներ: Որո՞ւ դիմել երբ Պ. Սարգսյան ներկա չէր զիրենք անտանելի վիճակե մ՚ազատելու համար, թեև ստույգ է որ իրենց ամեն մեկ նեղությունը չէին իմացներ անոր, քանի որ այն ևս չքավոր էր։ Բայց այս նեղ պարագային մեջ ինքը կարող էր գոնե առ ժամանակյա փոքրիկ սփոփանք մի հայթայթել իրենց։ Սակայն քանի ժամանակե ի վեր իզուր անոր կսպասեին. զի հիվանդ էր նա։
Ամեն հույս կսպառեր ուրեմն, հացագործը բարձրաղաղակ պահանջները կուզեր, ոչ ևս խոստմանց ականջ կախելով, զի համբերությունը սպառած էր, կըսեր, և կը դժկամեր հաց տալու վերստին։ Նույն օրը ոչ միայն ուտեստ չկար ուրեմն, այլ և հացն ալ կը պակսեր։ Իրարու կը նայեին անխոս՝ իրարու դառն վիճակը հասկնալով։
Վերջապես Զարեհ տեղեն ցայտելով որոշ կերպիվ մ՚ըսավ.
— Ես մինչև ցարդ ոչինչ ըրած եմ քեզ համար, մայր, տեսնենք եթե այսօր քեզ ծառայելու կը հաջողիմ։
Զայս ըսելով տղան փողոցին դուռը բացավ ու հաջողելու հավատքով դուրս ընթացավ։ Նայեցավ անցորդներուն, յուր վեհերոտության հաղթելով անոնց մոտեցավ, ու այնպես ազնվական