Jump to content

Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/407

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հրաման ըրավ որ համեստ բայց վայելուչ կերպիվ կատարվի թաղման հանդեսը տառապյալ կնոջ։

Պ. Սարգսյան՝ Զարեհին ու երկու ուրիշ անձանց ընկերությամբ հետամուտ եղավ անտեր դագաղին մինչև յուր վերջին հանգստատեղին։

Աղքատ փոսին վրա քահանան արագընթաց աղոթք մի մրմռաց. Զարեհ որբ հորդ արտասվոք և անկեղծ զղջմամբ լացավ մայրն այն զոր վիրավորված էր վերջին ժամանակները, և Պ. Սարգսյան ազնիվ սրտի արգահատական զգացմամբ վերջին հրաժեշտի ողջույն տվավ այն փոսին որ յուր բարեկամը կընդուներ։

Երեք գողտրիկ որբերը, երեք անմեղ դատապարտյալները, հանցավոր հոր մի երեք անբիծ ծնունդները, զիրենք ուրացող ընկերության երեսին իբրև սև մրուր պիտի ժայթքեին, ու պիտի կոխկռտվեին անկե գուցե, եթե Սիրանույշ գթության գոգը բանալով զիրենք յուր տան մեջ չընդուներ՝ իբրև երկրորդ մայր հանդիսանալու խոստմամբ։

Քանի մ՚օրեն վերջը երբ որբերուն ցավը սակավ ինչ մեղմացավ՝ Զարեհ ու յուր կրտսեր քույրը գիշերօթիկ դպրոցաց մեջ տեղավորվեցան Սիրանույշի խնամոք։ Իսկ Մարիամ ազնվասիրտ տիկնոջ մոտ կեցավ անոր անձնական թեթև ծառայությանցն համար։ Բայց նա առավել իբր մայր կը վարվեր որբ աղջկան հետ քան իբր տիրուհի, և մինչև անգամ անոր ուսում տալու կը պարապեր թե հայերեն և թե գաղղիերեն։

Մարիամ երջանիկ էր ու հոգվույն բոլոր զորությամբը կը սիրեր զտիրուհին։ Բայց դժբախտությունն ունեցավ սիրելու զՄելքոն անմեղ սրտի համայն ուժովը։ Զայդ մարդ ստեպ տեսնելու առիթ ուներ, քանի որ այն ևս կերպիվ իվիք տիկնոջ գլխավոր սպասարկուն էր, և բացարձակ առաջնություն ուներ մյուս բոլոր տան մարդոց վրա։

Մելքոն առույգ, գեղեցիկ, երեսուն տարեկան մարդ մ՚էր. զՄարիամ շնորհալից գտնելով աշխատած էր անոր սրտին տիրելու, ու կատարելապես հաջողած էր։ Գուցե զերիտասարդուհին ի կորուստ վիժեր օր մի եթե մեր գիտցած դեպքերը վրա գալով զանձն չփրկեին զյուր սիրտը հոշոտելով։