հաստատեց Զարեհի կրած զարմանալի աննպաստ փոփոխությունը: Շուտ հասկցավ թե օր մ՚անգամ կորսնցնելու ժամանակ չկար։
Երբ այս վերջին դեպքերը տեղի կունենային Պետրոսյանց տան մեջ՝ Սիրանույշ հինգ ամիսե ի վեր ամուսնացած էր արդեն:
Պ. Սարգսյան հիշելով թե յուր բարեկամուհիներեն մին բազմիցս խոսած էր իրեն տիկին Դարեհյանի առատաձեռնության ու ազնիվ զգացմանց վրայոք, անոր դիմեց յուր անմիջական բարեխոսությունը խնդրելով Պետրոսյան ընտանյաց համար սույն ազնվասիրտ տիկնոջ քով։
Երբ Սիրանույշ իմացավ անտանելի վիճակն այդ տարաբախտ ընտանյաց՝ այնպես սաստիկ հուզվեցավ որ առանց հապաղման հրաման ըրավ որ յուր կառքը պատրաստեն, և մեջը մտնելով գնաց այցելու աղքատ խրճիթին ու անոնց հեգ բնակչաց: Թվեր ոգին ողորմության որ զթշվառությանը կուգար մխիթարել։
Երբ Սիրանույշ տեսավ անդամալույծ կինը որ տակավին ծեր չէր, ու Մարիամի համակրական դեմքը դիտեց ինչպես և անոր վայելուչ ձևերը, ու մատակարարած խնամքներն հաստատեց, թե մորն և թե երկու մյուս մանկանց նկատմամբ արգահատություն մեծ զգաց բոլոր այդ ողորմելի ընտանյաց վրայոք, և մասնավոր համակրություն Մարիամին համար: Հայտնեց յուր դիտավորությունը զԶարեհ գիշերօթիկ դպրոց մի դնելու, առատ դրամ թողուց, և ընդհուպ վերադառնալու խոստմամբ տուն վերադարձավ՝ հիվանդին ու յուր ընտանյաց օրհնություններն հետը տանելով։
Տիկին Պետրոսի ուրախությունն այնչափ մեծ եղավ այդպիսի բարերար մի ստացած ըլլալը տեսնելով՝ որ նույն գիշերն զգացման սաստկությամբը կաթվածի կրկնությամբ մեռավ։
Երկրորդ օրն երբ այդ տխուր եղելությունն իմացուցին Սիրանույշին,