Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/409

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կարող՝ օրն ի բուն եղբորը հետ մնալու։ Յուր սիրելի Հրանտը միայն այդ հանգստյան օրեն օգուտ չէր քաղեր գործերուն պատճառավ և ի սրտե կը ցավեր այդ պարագային վրա։

Մինչ այս մինչ այն փողոցին դուռը կը զարնվի հանկարծ։ Զարուհին սրտի բաբախում մ՚ունեցավ ինչպես կը հանդիպի անոնց որ դող մ՚ունին սրտին մեջ։ Ինքը փութաց երթալ դուռը բանալու։ Շնորհոք զգեստավորյալ սպասավոր մի նամակ մի հանձնեց իրեն և իսկույն մեկնեցավ։ Զարուհին ճանչցավ անմիջապես Սիրանույշի սպասավորին ինչպես և գիրն հասցեին որ Երվանդին ուղղյալ էր։ Սիրտն սկսավ առավել ուժգին տրոփել: Սպասավորին հանկարծական կերպիվ նամակը թողուլն ու մեկնիլը ծանր նշանակություն մ՚ունենալը կը հայտներ։

Մտահույզ էր երիտասարդ կինը, թե ի՞նչ կրնար նամակը պարունակել արդյոք. ինչպե՞ս կրնար եղբորն հանձնել զայն երբ գուցե անախորժ լուր մի անոր փոթորկյալ անձին մեջ նոր փոթորիկ կրնար հարուցանել։ Որոշեց ուրեմն նամակը բանալ և իմաստը ճանչնալ ըստ այնմ գործելու համար։ Թուղթին ընթերցմանեն հետո շանթահար եղած ձեռքը ճակտին զարնելով ըսավ «Խե՜ղճ եղբայրս, ինչպե՜ս պիտի տոկաս այսպիսի խիստ հրամանի»։

Առավոտը կը հառաջանար և տակավին Երվանդ սենեկեն դուրս չէր ելներ և ոչ իսկ կենդանության նշան կուտար։ Սև կասկածներ ունեցավ Զարուհին, և այլայլելով եղբորը սենեկին մոտենալով դողահար ձայնիվ «Երվանդ» գոչեց։

Երվանդ արթնցած էր ու մտացը մեջ կը հուզեր առ Սիրանույշ վերադառնալու խնդիրը նույն օրը, թե՛ յուր վիճակին վրա և թե՛ Դարեհյանի տված բացատրությանցն և հետևանացը վրա լուր առնելու համար։ Բայց երբ քրոջը ձայնը լսեց «Ահավասիկ եմ» ըսելով տեղեն ցայտեց, պաատրաստվեցավ, սենեկեն դուրս ելավ, զքույրն ողջագուրեց, ու ապա սեղանին մոտենալով իրեն հատկացյալ նախաճաշը կերավ։ Յուր անցուցած անքուն գիշերն իմացուց Զարուհվույն, և յուր դիտավորությունը երթալ Սիրանույշեն լուր առնելու համար։

Այլագունեցավ կինն ու ընդդիմացավ այդ խորհրդույն գործադրության, առարկելով թե յուր այցելություններն այնչափ