Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/412

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


չէր համարձակեր անհամբերությունն հայտնել Պ. Դարեհյանի, զինքն մղելով կնոջը տրվելիք պատիժը փութացնելու՝ վախնալով թե յուր անձին վրա անոր կասկածները կրնար դարձնել։ Նամանավանդ մտադիր էր այդ նյութին վրայոք արվեստավորյալ լռություն մի պահել ի նշան արհամարհանաց։

Պ. Դարեհյան խոստացած էր կնոջը, համբերել քանի մ՚օր, և ստուգիվ խոսքը կը բռներ, մանավանդ որ ինքզինքն ալ անկարող կը տեսներ այսպիսի կնճռոտ ու փափուկ գործի մեջ որևէ որոշում մ՚ընելու։

Չորս օր անցած էին Մարիամի հիվանդութենեն իվեր որով բռնված էր հետ Սիրանույշի հարցաքննութնեն։ Պ. Դարեհյան հինգերորդ առավոտ Բերա գնաց Ժանեթի այցելու վերստին։ Տանը փողոցին դուռը բաց էր, մտավ անշշուկ և անտես, փափագելով հանկարծական ներկայությամբը անակնկալ հաճույք մ՚ընձեռնել գաղղիացի կնոջ։ Մինչ պարոն համրաքայլ սանդուղներեն վեր կելներ և սենեկին կը մոտենար, այրական անծանոթ ձայն մի հասավ ականջին։ Հետաքրքրությունը շարժեցավ, կայնեցավ գոց դռան աոջև և ուշադրությամբ ունկնդիր եղավ եղած խոսակցության։

— Չգիտեմ, կըսեր Ժանեթ, թե ինչպե՞ս պիտի վերջանա այս գործը։ Մելքոն չերևցավ և ոչ իսկ լուր մի ղրկեց։ Եթե այդ մարդը կասկածելի երևնալով նեղը դրվի ու մատնե քու և իմ դավակցությունը, երևակայե թե ինչպես զարհուրելի պիտի ըլլա մեր վիճակը, Ալֆոնս։

— Բայց հուսամ թե Մելքոն ոչինչ հայտնած է մինչև ցարդ։

— Միջոց մի գտնելու է կրկին վարձատրություն խոստանալու, որպեսզի ի պահանջել հարկին քու անունդ ծածկե բոլորովին։ Դարեհյանի կողմանե կնոջը դեմ տրվելիք դատապարտության հապաղումը կասկածելի կը թվի ինձ։

— Նույնպես և ինձ։

— Այդ մարդը բնավ պետք չէ որ քեզմե կասկածի, և առ այդ անհապաղ պիտի աշխատիմ։

— Ինձմե չկասկածելու համար պետք է որ դո՞ւն երևան ելնես ուրեմն։ Ի՞նչ փույթ ինձ եթե այդ մարդը չկորսնցնելու